Հեռուստատեսության ամենամեծ ձեռքբերումը խելացի մարդն է. Մարկ Պետրոսյան
12 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արվեստի վաստակավոր գործիչ Մարկ Պետրոսյանը, ինչպես ընդունված է ասել, «հեռուստատեսության մարդ» է` բառի ամենալայն իմաստով: Հայկական հեռուստատեսության սկզբնավորումից ի վեր` ավելի քան կես դար, նա աշխատում է նախկինում Հայաստանի Ազգային, այժմ` Հանրային հեռուստատեստաընկերությունում: Սկզբում եղել է հնչյունային ռեժիսոր, երաժշտական ձեւավորող, այնուհետեւ` երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիր: Մոտ 30 տարի ղեկավարելով հիշյալ խմբագրությունը` նա հեղինակել է հարյուրավոր երաժշտական հաղորդումներ, որոնց հեռուստադիտողը միշտ սպասել է առանձնակի ոգեւորությամբ ու սիրով, անգամ` կեսգիշերն անց: Չնայած նրան, որ իր հեռուստատեսային երկարամյա գործունեության ընթացքում Պետրոսյանը արժանել է բազմաթիվ պարգեւների եւ պատվոգրերի, այդ թվում` ամիսներ առաջ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ եւ հեռուստատեսային բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից նրան շնորհվել է հուշամեդալ, նա չի սիրում խոսել իր մասին, փոխարենը նախընտրում է պատմել գործընկերներից, հարազատ հեռուստաընկերությունից: Նոյեմբերի 29-ին` հայկական հեռուստատեսության առաջին եթերի օրը, «Արմենպրես»-ի թղթակիցը պատիվ ունեցավ հյուրընկալվելու հեռուստատեսային լեգենդի տանը, զրուցելու հայկական հեռուստատեսության անցյալի եւ ներկայի մասին:
-Պարո’ն Պետրոսյան, կպատմե՞ք հեռուստատեսություն Ձեր մուտքի մասին:
-Հայկական հեռուստատեսությունում ես աշխատում եմ ամենաառաջին օրվանից` 1956 թ. նոյեմբերից, երբ, ավարտելով Երեւանի կոնսերվատորիան, մրցույթով աշխատանքի անցա նոր կազմավորվող Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում, սկզբում` որպես հնչունային ռեժիսոր, ապա խմբագիր, հետո երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիր: Առաջին հեռուստեսային ցուցադրումը նոյեմբերի 29-ին էր` Գեւորգ Էմինի ` «7 երգ Հայաստանի մասին» ֆիլմը: Առաջին հաղորդումը դեկտեմբերի 31-ին գիշերը, այնուհետեւ նորանոր հաղորդուներ, հաղորդումներ…
Մինչ 70 թվականը չկար տեսագրության տեխնիկա, համենայն դեպս` Հայաստանում, եւ մենք մշտապես եթեր էինք դուրս գալիս ուղիղ եթերի ռեժիմով: Կային նաեւ Հեռուստատեսության շարժական կայանները, որոնց միջոցով հաղորդում էինք տոնահանդեսներ, շքերթներ` նոյեմեբրի 7, մայիսի 1: Կարճ ժամանակ անց հեռուստատեսությանը կցվեց «Կինոմիավորում Երեւանը», որը ժապավենի վրա գրանցեց մի շարք հաջողված կինոնկարներ, այդ թվում` « Ձորի Միրոն», «Սայաթ-Նովա», համերգային համարներ: Խորհրդային Միության տարիներին մենք սերտ կապեր ունեինք մյուս հանրապետությունների հետ: 1968 թվականին տեղի ունեցավ առաջին անգամ «Էրեբունի-Երեւան 2750» տարեդարձին նվիրված հաղորդումը, որը ցուցադրվեց Մոսկվայի կյենտրոնական հեռուստատեսությամբ եւ Ինտերվիդենիայով` Արեւելյան Եվրոպայի երկրներում: Համերգային ծրագրերում Գոհար Գասպարյանն էր, Առնո Բաբաջանյանը, Կոմիտաի քառյակը, Կամերային նվագախումը, այլք: Համերգային` 1 ժամ 20 րոպե տեւողությամբ ծրագրի իմաստ այն էր, որի սոցիալաիստական երկրները ծանոթանային Հայաստանի արվեստին, պատմությանը:
-Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը 55 տարեկան է: Որպես հետադարձ հայացք, համառոտ էքսկուրս կատարելով` ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է այն այսօր :
- Հեռուստատեսության ճանապարհը հարթ չի ընթացել, եղել են նաեւ բազում հաջողություններ, անհաջողություններ: Բայց անցած տարիները ես համարում են Հանրային հեռուստաընկերության ոսկե դար: Իհարկե, շատ բան է փոխվել, չէր կարող ամեն ինչ նույնը մնալ: Այսօր հեռուստատեսություն են եկել նոր մարդիկ, նոր մտքեր, նոր գաղափարներ, նոր ճաշակ: Մենք ունեցել ենք եւ այսօր էլ ունենք հիանալի ստեղծագործական թիմ` ռեժիսորներ, օպերատորներ, խմբագիրներ: Կարեւոր անուններ` Մարատ Մարինոսյան, Կիմ Արզումանյան, Ժիրայր Ավետիսյան, Օլգա Մելիք-Վրթանեսյան, Արշալույս Սարոյան, Գեորգի Տիրոսյան, Լաերտ Պողոսյան,Վահագն Ղարիբյան, այլք, որոնք կերտել են հանրայինի պատմությունը:
Ունեցել ենք եւ ունենք լավ տնօրեններ` Ջոն Կիրակոսյան, Ստեփան Պողոսյան, Տիգրան Հակոբյան, վաղամեռիկ Տիգրան Նաղդալյան, Ալեքսան Հարությունյան, Գագիկ Բունիաթյան,ով ջանք ու եռանդ չի խնայում «Մանկական Եվրատեսիլ 2011»-ը հավուր պատշաճի անցկացնելու համար:
Հանրայինը պահպանում է այն երաժշտական ավանդույթները, որոնց սկիզբ է դրել: Հեռարձակում է մի շարք հետաքրքիր հաղորդաշարեր, որոնց թվին են պատկանում «Երգ երգոց»-ը, «10+10»-ը, «22:30» -ը: Պետք է նշեմ, որ մեծ առաջընթաց է ապրում «Հայլուր»-ը, այժմ` «Առաջին լրատվական»-ը, որի ղեկավար է Սամվել Ֆարմանյանը: Բարձր մակարդակի վրա են գտնվում սպորտային հաղորդումները: Մի շարք բավանդակալից հաղորդումներ են հառարձակվում նաեւ արբանյակային կապի միջոցով:
- Համեմատականներ տանելով, որո՞նք են ներկայիս եւ անցյալի հեռուստաընկերությունների ակնհայտ թերությունները եւ առավելությունները:
- Թերությունն այն է, որ խորհրդային կարգերի փլուզումից հետո խզվեցին հեռուստատեսությունների կապերը նախկին խորհրդային հանրապետությունների միջեւ: Գրեթե ոչ մի, հատկապես մշակութային ինֆորմացիա չեն փոխանակում: Եվ այս երեւույթն արդեն իսկ որոշակի ձեւով փոքրացնում է, նեղ է դարձնում հեռուստատեսային դաշտը: Դրական է, որ ՀՀ անկախության 20 տարիների ընթացքում հեռուստատեսությունում որոշակի առաջընթացն ակնհայտ է: Ինքնուրույն գործելու, ցուցադրելու որոշակի միտում ընդգծվեց, դրական տեղաշարժ տեղի ունեցավ:
- Ձեր հաղորդումների մեծ մասը դասական երաժշտարվեստի մարդկանց եւ ստեղծագործական գործունեության մասին է: Կա՞ արդյոք այսօր դասական երաժշտության լսարանի պակաս:
-Դասական երաժշտության սիրահար լինելու համար հարկավոր է որոշակի կրթական մակարդակ: Եվ կրթական մակարդակ ասելով` նկատի չունեմ պարտադիր երաժշտական ուսուցում: Ծնողները շատ մեծ ուշադրություն պետք է դարձնեն երեխաների երաժշտական դաստիարակության վրա, ձեւավորեն համերգներ հաճախելու կուլտուրա: Ես բոլորովին դեմ չեմ ժամանակի փոփ-երաժշտությանը, բոլորովին դեմ չեմ եւ ծիծաղելի չեմ համարում այսօրվա աստղերի թիվը, նրանց ակտիվ բեմական գործունեությունը: Շատ լավ է, որ նոր սերունդ, երիտասարդություն կա: Եթե նրանք հավաքում են լեփ-լեցուն դահլիճներ, ապա դա նշանակում է, որ հասարակության մի մասին այդ արվեստն է հետաքրքրում: Կարծում եմ, որ դասական արվեստի սիրահարներ էլ այսօր կան: Վերջերս բեմադրվեց Վերդիի «Աիդա» օպերան, հիանալի բեմադրություն, լեփ-լեցուն դահլիճ, ուրեմն օպերային արվեստ սիրող հասարակություն նույնպես կա: Էլ չեմ խոսքում «Սպարտակ» բալետի ունեցած հաջողության մասին, ինչպե՞ս կարող է արտասահմանից որեւէ հրաշալի նվագախումբ` հիանալի դիրիժորով, դաշնակահարով, գալ եւ չունենալ հանդիսատես, դա բացառված է: Մշակութային դաշտում էլ է լինում շուկա, եւ որքան էլ որ չեմ սիրում այդ բառը, ամեն մի «ապրանք» իր սպառողն ունի: Երիտասարդ կատարողնեի մեջ էլ շատ տաղանդավոր, շնորհալի արտիստներ կան, որոնք իրենց լսարանն ունեն, որը չի նշանակում, որ ինչ-որ մեկին, ինչ-որ բան պետք է արգելել: Դասական երաժշտությունը այսօր քիչ է պրոպագանդվում, եւ դա էլ ունի իր պատճառները: Հեռուստատեսային էկրանը շատ է սիրում կարճատեւ մտքեր, կատարումներ`»մոնտաժային մտածողություն», եւ այս առումով սիմֆոնիկ երաժշտություն սիրահարը կնախընտրի գնալ եւ կենդանի լսել համերգներ:
- Ո՞րն է Ձեր երկարամյա հեռուստատեսային գործունեության ամանամեծ ձեռքբերումը:
-Հեռուստատեսությունն ինձ հնարավորություն է տվել մոտից ճանաչել, բարեկամանալ, սիրել եւ ինչո՞ւ ոչ, նաեւ սիրվել շատ ու շատ մեծանուն մարդկանց կողմից: Նրանցից շատ-շատերը` Լիսիցյանը, Հեքիմյանը, Խաչատուրյանը, Բաբաջանյանը, Խաչվանքյանը, եղել իմ բնակարանում` հենց ասյտեղ: Եվ նման մեծությունների հետ շփումը, բարեկամությունը ես համարում եմ իմ ամենամեծ ձեռքբերումը:
-Քչերը գիտեն, որ Դուք նաեւ գրական-լրագրողական գործունեությամբ եք զբաղվում, հեղինակ եք տասնյակ աշխատությունների, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ եք: Կպատմե՞ք այդ մասին:
-Ուզում եմ անկեղծորեն խոստովանել, որ երբեւիցե մտքովս չի անցել պատմվածք գրել, գրողի մասնագիտությամբ զբաղվել: Սակայն, առօրյա կյանքում դիտարկելով տարբեր մարդկանց գործելակերպը, բնավորությունների հատկանշական գծերը, տեղի ունեցող երեւույթների իրական շարժառիթները, տարիների ընթացքում թղթին եմ հանձնել որոշ դրվագներ` տեսածիցս կամ էլ ուրվագծել լայնորեն ճանաչված անձավորությունների դիմանկար, որեւէ հետաքրքիր շտրիխ:
-Ո՞րը կլինի Հանրային հեռուստաընկերության ամենամեծ հաջողությունը առաջիկայում, ո՞րը կլինի առհասարակ հեռուստատեսության առաքելությունը նորագույն տեխնոլոգիաների դարաշրջանում:
-Ինձ թվում է, որ որքան էլ տեխնոլոգիաները զարգանան, այնուամենայնիվ հետաքրքրության համար առաջին առարկան խելոք` խելացի մարդն է, խելոք զրույցը: Խելացի մարդը ամենամեծ արժեքն է բոլոր ժամանակներում: Տեխնիկական որեւէ նորույթով կարող ենք զարմանալ, հպարտանալ, հիանալ, բայց դա հոգեկան սնունդ չի կարող տալ, հոգեկան սնունդ տալիս է միմիայն խելացի մարդու հետ շփումը, զրույցը, բարեկամությունը: Տեսագրության տեխնիկան որ եկավ, մենք բազմաթիվ խնդիրներից խուսափեցինք, մեծագույն նվաճումներ ունեցանք, հեղափոխություն էր նաեւ գունավոր հեռուստատեսության մուտքը: Ինչ էլ որ լինի, վստահ եմ, որ հեռուստատեսության յուրաքանչյուր առաջընթաց մարդկության զարգացման կարեւոր էտապներից է:
- Շնորհակալություն, որ չմերժեցիք հանդիպելու առաջարկը. «Արմենպրես»-ի միջոցով ի՞նչ կմաղթեք հեռուստաընկերությանը եւ հեռուստադիտողներին:
- Քանի որ խոսք ու զրույց արեցինք հեռուստատեսության` ազգային հեռուստատեսության մասին, մենք կարծես մոռացանք նշել, որ ՀՀ-ում կան նաեւ այլ հեռուստաընկերություններ: Մյուս հեռուստաընկերույթյունններին եւ Հանրայինին մաղթում եմ հետաքրքիր, նոր, բաձրակարգ հաղորդաշարեր, եւ այդ հաղորդումներով հետաքրքրվող լսարան: Իրենց գործին նվիրյալ աշխատակազմ, որովհետեւ ես նկատել եմ, որ եթե նվիրյալ չես, ապա չես կարող աշխատել հեռուսատեսության ոլորտում:
Հարցազրույցը` Տաթեւիկ Գրիգորյանի