Ֆյուլեն կարեւորում է ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերության ապակենտրոնացված համագործակցությունը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում այսօր մեկնարկել է Արեւելյան գործընկերության տեղական եւ տարածաշրջանային կառույցների համաժողովը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արտաքին գործերի եվրոպական ծառայությունից, համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Ընդլայնման եւ եվրոպակական հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Խոսելով տեղական իշխանությունների կարեւորության մասին' հանձնակատարն ընդգծել է, որ վերջիններս կենտրոնական իշխանությունների եւ քաղաքացիների կապող օղակներն են: Ֆյուլեն նաեւ կոչ է արել ձեւավորել Արեւելյան գործընկերության անդամ պետությունների տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության ձեւաչափ, որը փորձի փոխանակման հնարավորություն կստեղծի: Արեւելյան գործընկեր երկրների եւ ԵՄ-ի տարածաշրջանային համագործակցության հարցում Ֆյուլեն կարեւորել է նաեւ տեղաշարժի ազատությունը: «Մենք արդեն ազատ տեղաշարժի վերաբերյալ փաստաթղթեր ենք ստորագրել Մոլդովայի եւ Վրաստանի հետ, բառացիորեն վերջերս նման հռչակագիր ստորագրեցինք նաեւ Հայաստանի հետ: Այս պայմանագրերը դրական փոփոխություններ կբերեն նաեւ ԵՄ-ի տարածաշրջանների զարգացման գործում»,- նշել է Շտեֆան Ֆյուլեն: