Քաղաքականություն

Լյուքսեմբուրգում ստորագրվեց «ՀՀ եւ ԵՄ միջեւ ազատ տեղաշարժի մասին համատեղ հռչակագիրը»

2 րոպեի ընթերցում

Լյուքսեմբուրգում ստորագրվեց «ՀՀ եւ ԵՄ միջեւ ազատ տեղաշարժի մասին համատեղ հռչակագիրը»

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքսեմբուրգում այսօր Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ ստորագրվեց «Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ ազատ տեղաշարժի մասին համատեղ հռչակագիրը»: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրոպական հանձնաժողովի մամլո ծառայությունից, ԵՄ-ի կողմից հռչակագիրը ստորագրել են ներքին գործերի ԵՄ հանձնակատար Սեսիլիա Մալստրյոմը, Լեհաստանի ներքին գործերի եւ վարչարարության նախարար Եժի Միլլերը, իսկ Հայաստանի կողմից` արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հռչակագրի ստորագրմանը ներկա են եղել ԵՄ անդամ 10 պետությունների ներկայացուցիչներ: Ստորագրված հռչակագիրը նախատեսում է միգրացիայի կարգավորման ոլորտում մի շարք նախաձեռնությունների իրականացում:

«Հայաստանի հետ նման համագործակցության մեկնարկը շատ կարեւոր քայլ է ՀՀ եւ ԵՄ քաղաքացիներին միմյանց մոտեցնելու ուղղությամբ: Տեղաշարժի ոլորտում գործընկերությունը, Վիզային ռեժիմի եւ ռեադմիսսիայի մասին համաձայնագրերի նման գործիքներ ունենալով, խիստ կարեւոր դեր կխաղա ՀՀ եւ ԵՄ քաղաքացիների միջեւ անվտանգ միջավայրում տեղաշարժի ապահովման համար»,- ընդգծել է Սեսիլիա Մալստրյոմը:

«Տեղաշարժի ոլորտում գործընկերությունը ցույց է տալիս ԵՄ-ի պատրաստակամությունը` Արեւելյան գործընկերության անդամ երկրների հետ սերտացնելու ինտեգրացիոն գործընթացները` ընդլայնելով մարդկային շփումները, ինչը խիստ կարեւոր է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ փոխադարձ շահավետ սոցիալական եւ տնտեսական համագործակցության զարգացման համար»,- հռչակագրի ստորագրման կապակցությամբ հայտարերել է ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Նշենք, որ նման համաձայնագրեր ԵՄ-ն ստորագրել է Մոլդովայի եւ Կաբո Վերդեյի հետ 2008թ-ին, Վրաստանի հետ` 2009թ-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում