Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ապագան հարցականի տակ է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երաժշտական դպրոցներն այսօր իրենց հիմնական ֆունկցիան չեն իրականացնում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նման կարծիք հայտնեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը' շեշտելով, որ իրավիճակն անհանգստացնող է, իսկ լուծման ուղիներ դեռեւս չկան:
Նրա խոսքով' Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմը թեեւ երիտասարդ է, սակայն կան անփոխարինելի անդամներ, որոնք ունեն առողջական խնդիրներ: «Եթե այդպես շարունակվի, առաջիկա վեց տարում նվագախումբը կվերանա»,- ասաց նա: Դիրիժորի խոսքով' չափազանց անհրաժեշտ է, որպեսզի Հայաստան գան տաղանդավոր երաժիշտներ: «Հակառակ դեպքում' իրավիճակը նախանձելի չի լինի:Իսկ նմանատիպ իրավիճակի պատճառը տիրող անտարբերությունն է եւ չիմացությունը»,- ասաց Էդուարդ Թոփչյանը: