Վ. Աթանեսյան. «Առանց բանակցություններին ԼՂՀ մասնակցության, որեւէ փաստաթուղթ չի կարող ունենալ կիրառելիություն»
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առանց բանակցությունների բոլոր փուլերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցության, որեւէ փաստաթուղթ չի կարող ունենալ կիրառելի նշանակություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:
«Կարելի է դրական գնահատել այն, որ միջնորդները կարծես թե հասկանում են' այսօր եկել է ԼՂՀ մասնակցությունն ակտուալացնելու պահը»,- ասաց Վ. Աթանեսյանը' դրական գնահատելով նաեւ միջնորդների ձգտումները' Ադրբեջանին բացատրելու, որ անցյալին վերադարձ չկա ո'չ կարգավիճակի, ո'չ տարածքների վերահսկողության առումով:
Նրա խոսքով' ԼՂ-ն արդեն 20-ամյա ճանապարհ է անցել եւ այդ ընկալումները Ադրբեջանին հասցնելու հարցը միջնորդների խնդիրն է: «Ադրբեջանի խնդիրն էլ միջնորդների տեսակետներն ընդունելն է»,- նկատեց Վ.Աթանեսյանը: Պատգամավորի կարծիքով' ներկայիս գործընթացները տանում են նրան, որ ԼՂ-ն պետք է մասնակցի բանակցություններին, եւ սա հենց այն հարցն է, որի վրա պետք է սեւեռվեն միջնորդները: «Չի կարող լինել մի այնպիսի լուծում, որտեղ մասնակից չէ այն կողմը, որին վերաբերում են այդ լուծումները»,- շեշտեց Վ.Աթանեսյանը: