Ըստ Վ. Աթանեսյանի` ուժի չկիրառման մասին փաստաթուղթ Ադրբեջանը չի ստորագրի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների' առաջիկայում կայանալիք կազանյան հանդիպումից հիմնարար սկզբունքների վերաբերյալ համաձայնության ձեռքբերում չի ակնկալում:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները դովիլյան հայտարարության մեջ կոչ են արել հակամարտության կողմերին' ձեռք բերել վերջնական համաձայնություն խնդրի լուծման հիմնարար սկզբունքների շուրջ:
Այսօր Երեւանում լրագրողների հետ զրույցում Վ. Աթանեսյանը նշեց, որ վերջնական համաձայնության ձեռքբերում չի լինի, քանի որ Ադրբեջանը չի ստորագրի մի այնպիսի փաստաթուղթ, որտեղ կլինի պարտավարություն' ուժի չկիրառման մասին: «Եթե Ադրբեջանը համաձայնի դրան, ապա կնշանակի, որ նա ճանապարհ է բացում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի անկախության միջազգային ճանաչման համար, որին կարող են հետեւել կողմերին հետաքրքրող մյուս բոլոր հարցերի քննարկումները»,- նկատեց Վ. Աթանեսյանը: