Քաղաքական խորհրդակցություններ` Հայաստանի եւ Իտալիայի արտգործնախարարությունների միջեւ
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմում հունիսի 3-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդատվություններ Իտալիայի եւ Հայաստանի արտգործնախարարությունների միջեւ, որոնց ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն իր իտալացի գործընկերոջ, սենատոր Ալֆրեդո Մանտիկայի հետ քննարկել է հայ-իտալական հարաբերություններին եւ տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Արման Կիրակոսյանը հատուկ ընդգծել է բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման կարեւորությունը, միջկառավարական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը, առեւտրատնտեսական համագործակցության ակտիվացման հրամայականը: Նախարարի տեղակալը ներկայացրել է նաեւ մանրամասներ' դեկտեմբերին Վենետիկի կենտրոնական երեք թանգարաններում միաժամանակ կազմակերպվող բացառիկ ցուցահանդեսի հետ կապված, որը նվիրված է լինելու Հայ գրատպության 500- ամյակին եւ անցկացվելու է ՀՀ եւ Իտալիայի նախագահների բարձր հովանու ներքո:
Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալ, սենատոր Ալֆրեդո Մանտիկան նշել է իր երկրի պատրաստակամությունը էլ ավելի խորացնելու հարաբերությունները Հայաստանի հետ բոլոր բնագավառներում եւ կազմակերպելու համապատասխան փախայցելություններ, ինչպես նաեւ Իտալիայի արտաքին գերատեսչության աջակցությունը հայտնել իտալական Վենետո նահանգի հետ ոսկերչության, գինեգործության եւ զբոսաշրջության բնագավառներում փոխշահավետ համագործակցություն հաստատելու ուղղությամբ:
Այցի շրջանակներում Արման Կիրակոսյանը Հարավային Կովկասի անվտանգության հարցերին վերաբերող դասախոսություն է կարդացել Հռոմի ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջում' այդ հեղինակավոր հաստատությունում բարձրաստիճան սպաների համար կազմակերպված հատուկ դասընթացի շրջանակներում:
Դասախոսությունից առաջ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ընդունել է քոլեջի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վոլֆ Դիտեր Լուզերը, որը բարձր է գնահատել հայկական կողմի հետ համագործակցության մակարդակը եւ հատուկ կարեւորել այն հանգամանքը, որ «առաջին անգամ է, որ քոլեջում դասախոսությամբ հանդես է գալիս բարձրաստիճան պաշտոնյա ՀՀ ԱԳՆ-ից»: Դասախոսությունից հետո Արման Կիրակոսյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին: