Հայաստան

Վերջին երկու ամսում Հակակոռուպցիոն դատարանը ստացել է խուզարկության շուրջ 400 միջնորդություն

2 րոպեի ընթերցում

Վերջին երկու ամսում Հակակոռուպցիոն դատարանը ստացել է խուզարկության շուրջ 400 միջնորդություն

Հակակոռուպցիոն դատարանը վերջին երկու ամսվա ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեից ստացել է խուզարկության շուրջ 400 և խափանման միջոց կիրառելու վերաբերյալ ավելի քան 160 միջնորդություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցումների։

«Հակակոռուպցիոն դատարանը վերջին երկու ամսում Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ստացել է խուզարկության մոտ 400 միջնորդություն, ինչպես նաև՝ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ 160-ից ավել միջնորդություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դատական դեպարտամենտից նաև անդրադարձել են մամուլում տարածված այն տեղեկություններին, թե դատարանը մերժում է խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունների մեծ մասը։

«Խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունների մոտ 10 տոկոսն է մերժվել, ինչը նշանակում է, որ մամուլում տարածվող տեղեկատվությունը՝ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունների մեծ մասը դատարանի կողմից մերժելու մասին, իրականությանը չի համապատասխանում»,- հայտնել են Դատական դեպարտամենտից։

Նշվում է, որ ներկայացված միջնորդությունները վերաբերել են ենթադրյալ կաշառք տալու և ստանալու, ինչպես նաև ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքը խախտելու դեպքերին։

Դատական դեպարտամենտից տեղեկացրել են նաև, որ ներկայումս դատարանում կան միջնորդություններ, որոնք դեռևս քննարկման փուլում են։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում