Ավելի քան 2000 մասնակից, 60 խոսնակ. Tech Week Vanadzor 2025-ը մեկնարկել է
4 րոպեի ընթերցում

Վանաձորը հուլիսի 4-6-ը հյուրընկալում է հայկական տեխնոլոգիական համայնքի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ Tech Week 2025-ը։ Միջոցառման բացման արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 4-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում՝ Կայթ երգ ու պարի խմբի և Թագպար բենդի «Հայկական պարապնակ» կատարմամբ։ Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 2000 մասնակից, 60 խոսնակ:
«Վանաձորը, փաստորեն, այս երեք օրերին վերածվել է տեխնոլոգիական մայրաքաղաքի։ Ես զգացի դրական և վարակիչ էներգետիկան, որ այս միջոցառումն իր հետ բերել է այս քաղաք. սա իսկապես կարևոր ձեռքբերում է Վանաձորի համար։ Պարտավոր ենք Վանաձորը դարձնել տեխնոլոգիական կլաստեր, քանի որ այն ունի այդ ներուժը։ Վանաձորում կան նաև տեխնոլոգիական որոշակի ձևավորված ենթակառուցվածքներ, որոնք այդ հնարավորությունն ընձեռում են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին՝ նշեց ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը ևս ընդգծեց, որ սա չափազանց կարևոր միջոցառում է։ Նա շեշտեց՝ Վանաձորն ունի թե՛ մարդկային ռեսուրս, թե՛ ենթակառուցվածքներ հետագա զարգացման համար։ Հովհաննես Ավետիսյանը հույս հայտնեց, որ նման նախաձեռնությունները հնարավորություն կստեղծեն երիտասարդների համար՝ մնալ Վանաձորում։
Tech Week-ի կազմակերպիչ, Zealous-ի ֆինանսական տնօրեն Սպարտակ Կյուրեղյանի բնորոշմամբ՝ Tech Week-ը կարևոր նախագիծ է։
«Հաշվի առնելով, որ ես իմ կյանքի մեծ մասը մարզում եմ ապրել և շատ լավ հասկանում եմ մարզում ապրելու առանձնահատկությունները։ Սա իմ անձնական նախագիծն եմ համարում, և կարևորում եմ, որ բոլորը Tech Week-ին վերաբերեն որպես անձնական նախագիծ, ոլորտի գիտակների հետ ծանոթանալու շփվելու հնարավորություն»,-նշեց նա:
Բացման արարողությանը հաջորդեց «Մարզում զարգանալու տեղ չունենալը որպես համակարգային խնդիր. պետության բիզնեսի իրական քայլերը՝ ՏՏ թվային ներուժը համայնքներում պահելու զարգացնելու ուղղությամբ» խորագրով պանելը, որի մոդերատորն էր ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։ ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը պանելային քննարկմանն ընդգծեց՝ մարզերում առկա է չբացահայտված ներուժ, որին պետք է աջակցել։ Հայրապետյանն իր խոսքում կարևորեց ԱՏՁՄ-ի և նմանատիպ այլ կառույցների հետ համագործակցությունը՝ շեշտելով, որ պետություն-մասնավոր հատված փոխգործակցությունը շատ սինքրոն է, բնական ու արդյունավետ։ Պանելային քննարկմանն առանձնահատուկ ընդգծվեց նաև մարզերում համապարփակ զարգացման կարևորությունը։
Tech Week-ը «հայթեք» Հայաստանի օրացույցի կարևորագույն իրադարձություններից մեկն է։ Այն երբեք Երևանում չի անցկացվել և ապագայում էլ չի անցկացվելու։ Tech Week-ի ողջ իմաստը Հայաստանում տեխնոլոգիական մայրաքաղաքը Երևանից երեք օրով տարհանելն է։ Այս տարի Վանաձորում Tech Week-ը միավորելու է ոլորտի առաջատարներին, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին, փորձառու և սկսնակ ձեռնարկատերերին, ուսանողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիական ոլորտով։
Tech Week-ի հիմնական վայրը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատն է, որտեղ կանցկացվեն կոնֆերանսներ և պանելային քննարկումներ՝ տեղական և միջազգային փորձագետների մասնակցությամբ։ Երեք օրերի ընթացքում կոնֆերանսի շրջանակում հանդես կգա ավելի քան 60 խոսնակ՝ ընկերությունների հիմնադիրներ, ղեկավարներ, տեխնոլոգիական ձեռներեցներ, ներդրողներ և ոլորտի այլ առաջատար դերակատարներ։
Tech Week Vanadzor նախաձեռնել են TCF-ը, Zealous-ը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։