Նեքսուս Գորիս. Ջերմատուն ծրագիրը գալիս է Սյունիք
6 րոպեի ընթերցում

Միավորված ազգերի կազմակերպության զարգացման «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարում է նոր «Նեքսուս Գորիս» նախաձեռնության մեկնարկի մասին։ «Նեքսուս» մոդելը ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի մշակած նոր պիլոտային մոտեցումն է, որը խթանում է համագործակցությունը և ռեսուրսների փոխանակումը գյուղական բնակավայրերի և քաղաքային կենտրոնների միջև։
««Նեքսուս» մոդելի պիլոտային փուլի համար ընտրվել է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «Ջերմատուն» նախաձեռնությունը, որը կիրականացվի Սյունիքի մարզի Գորիսի համայնքի Վերիշեն և Ակներ բնակավայրերում։ Այս պիլոտային ծրագիրը նեքսուս մոտեցմամբ նպատակ ունի աջակցելու մոտիվացված անձանց՝ իրենց սեփական ջերմատնային բիզնեսը հիմնելու գործում։ Աջակցությունը ներառում է նոր և ժամանակակից ջերմատան տրամադրում, գործնական գյուղատնտեսական ու բիզնես ուսուցում, փորձագետների խորհրդատվություն և համագործակցային միջավայրի ստեղծում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Հիմնվելով 2023–2024 թվականներին հաջողությամբ իրականացված ջերմատնային ծրագրերի փորձի վրա՝ այս փուլում կձևավորվի ձեռներեցների խումբ (կլաստեր), որի անդամները կսովորեն միմյանցից և կգործեն միասին՝ կիսելով ռեսուրսները, նվազեցնելով ծախսերը և իրացնելով արտադրանքը նաև Գորիսում։ Մասնակիցները նաև կստանան ինչպես ժամանակակից ջերմատնային տնտեսության վարման գործնական գիտելիքներ, այնպես էլ բիզնեսի և ձեռներեցության գիտելիքներ ու հմտություններ՝ իրենց ջերմատնային բիզնեսն արդյունավետ ու շահավետ կազմակերպելու համար։
ՀԱղորդագրության մեջ ընդգծվում է, որ այս համագործակցությունը նպաստում է կայուն և ինքնաբավ տնտեսությունների ձևավորմանը՝ ի նպաստ ամբողջ տարածաշրջանի։ Բնակիչների համար սա նշանակում է.
- Շուկաների և եկամտի հնարավորությունների ընդլայնում
- Տնտեսական արժեքային շղթաների ավելի լավ ինտեգրում
- Նորարարությունների և ձեռնարկատիրության զարգացում
- Ավելի կայուն և համագործակցային զարգացման միջավայր
- Նեքսուս մոդելն օգնում է հաղթահարել գյուղական համայնքների տնտեսական մեկուսացումը և ձևավորում է երկարաժամկետ համատեղ աճի հարթակ
Նեքսուսի կիրառումը պրակտիկայում.
Ծրագրի շահառուները հնարավորություն կունենան հիմնելու և շահագործելու փոքրածավալ գյուղատնտեսական բիզնեսներ՝ հիմնված 150 քմ թունելային տիպի ջերմոցների վրա։ Ծրագիրը կտրամադրի՝
- Ամբողջական ջերմոցային ենթակառուցվածք
- Գյուղատնտեսության և բիզնեսի զարգացման գործնական դասընթացներ
- Շարունակական խորհրդատվություն և գործընկերային համագործակցություն
- Տեղական ջերմոցային կլաստերին ինտեգրում, որը կապվում է Գորիսի շուկաների հետ։
Ծրագրի կողմից տրամադրվող աջակցությունը կներառի
- 150 քմ մակերեսով թունելային ջերմատուն
- Անվճար ուսուցում՝ ջերմատնային գյուղատնտեսության և բանջարեղենի աճեցման վերաբերյալ
- Անվճար բիզնեսի և ձեռներեցության ուսուցում, ներառյալ՝ բիզնես պլանավորումը, մարքեթինգը, ֆինանսները և գաղափարի ներկայացումը
- Անվճար խորհրդատվություն՝ ջերմատան տեղադրման մասով
- 450 հատ սածիլ և 8 տուփ սերմ՝ յուրաքանչյուր շահառուին, արտադրության մեկնարկի համար
- 6 ամսվա ընթացքում շարունակական խորհրդատվություն և տեղում մասնագիտական աջակցություն
- 50 էջանոց ձեռնարկ՝ ջերմատնային գյուղատնտեսության թեմայով
- Մասնակցություն ջերմատնային կլաստերին՝ համատեղ գործունեության և շուկաներ մուտք գործելու հնարավորությամբ։
Շահառուի ներդրումը կներառի
- 500,000 ՀՀ դրամ համաֆինանսավորում՝ տեղադրման կազմակերպման համար
- Գումարը վերադարձվում է, եթե շահառուն տեղադրում է ջերմատունը սեփական ուժերով, համաձայնեցված ժամկետում
Ծրագրին կարող են մասնակցել Վերիշեն կամ Ակներ բնակավայրերի 18 տարեկանից բարձր մշտական բնակիչներն, ովքեր․
- Ունեն առնվազն 200 քմ հարթ տնամերձ հողատարածք՝ ջրի և էլեկտրականության մշտական հասանելիությամբ
- Պատրաստ են համաֆինանսավորմամբ ներդրում կատարել կամ սեփական միջոցներով իրականացնել ջերմատան տեղադրումը
- Կարող են կազմակերպել սեփական ջերմատնային բիզնեսը
- Պատրաստ են մասնակցելու բոլոր դասընթացներին և գրանցվել որպես ԱՁ կամ ՍՊԸ
- Պատրաստակամ են համագործակցել իրար հետ՝ կլաստերի շրջանակում։
Ծրագրի հիմնական փուլերը ներառում են
- Մեկնարկ՝ 2025 թ. հուլիսին
- Դասընթացներ և ջերմատների տեղադրում՝ 2025 թ․ ամառ–աշնան սկիզբ
- Սածիլների և սերմերի տրամադրում՝ 2025 թ․ վաղ աշնանը
- Խորհրդատվական աջակցություն՝ մինչև 2025 թ․ դեկտեմբեր։
Ծրագիրը նախատեսում է կազմակերպել մինչև 30 մասնակիցների ուսուցում, ինչպես նաև տրամադրել 20 ջերմատուն (յուրաքանչյուրը 150 քմ) Վերիշենից և Ակներից ընտրված շահառուներին։
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կցված դիմումի ձևը՝ կցելով համապատասխան փաստաթղթերը :
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025 թ․ հուլիսի 25-ը: