Հայաստան

Հայ արվեստագետներն ուրույն ներդրում են ունեցել Մեծ հայրենականում տարած հաղթանակում

3 րոպեի ընթերցում

Հայ արվեստագետներն ուրույն ներդրում են ունեցել Մեծ հայրենականում տարած հաղթանակում

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց «Հայ արվեստը Հայրենական մեծ պատերազմի տարիներին» թեմայով գիտաժողովը, որը նվիրված էր երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 80-ամյակին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառումը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը ու Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը։

Կոնֆերանսի բանախոսները ներկայացրեցին հայ արվեստի համայնապատկերը Հայրենական մեծ պատերազմի տարիներին, այդ ընթացքում հայկական երաժշտության, կերպարվեստի, թատրոնի, ճարտարապետության և գրականության զարգացման հիմնական միտումները, անդրադարձան նշված ժամանակահատվածում Հայաստանում արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևոր իրադարձություններին և նվիրյալների գործունեությանը։

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը գիտաժողովի բացման խոսքում ուշադրություն հրավիրեց թեմայի բազմաշերտ և ընդգրկուն լինելու հանգամանքին։

«Մեր զեկուցողները կներկայացնեն պատերազմական տարիներին հայկական արվեստի կենդանի համայնապատկերը՝ սիմֆոնիաներից և ռազմաճակատային երգերից մինչև կինո, թատրոն և ճարտարապետություն»,- նշեց Աննա Ասատրյանը։

Անդրադառնալով այդ տարիներին ստեղծված առավել արժեքավոր ստեղծագործություններին՝ Արվեստի ինստիտուտի տնօրենը մասնավորապես առանձնացրեց Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան (1943), որը ստեղծվել է Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների տպավորությունների ազդեցության ներքո։ 

Հայաստանում «Ռուսական տան» տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը կարևորեց մշակույթի գործիչների ներդրումը նացիզմի նկատմամբ փառավոր հաղթանակում։ 

«Բոլորը գիտեն Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հայերի ռազմական սխրանքների մասին։ Խոսում ենք մարշալ Բաղրամյանի, ծովակալ Իսակովի մասին, բայց մոռանում ենք արվեստի գործիչներին։ Այնինչ, հայ նկարիչները, երգահանները, գրողներն անգնահատելի ներդրում ունեն։ Օրինակ, «Պրավդա» թերթի ռազմական թղթակից Մարտին Մերժանովը, որը գրում էր և՛ բանաստեղծություններ, և՛ հզոր ակնարկներ ռազմաճակատի մասին։ Կամ հանճարեղ Արամ Խաչատրյանը։ Նա անգամ ղեկավարում էր Կոմպոզիտորների միության անդամների տարհանման հանձնաժողովը։ Արվեստի մարդիկ այդ տարիներին մի կողմ էին դնում նոտակալը, գրքերը և լուծում էին բարդ կազմակերպչական հարցեր։ Հայերի մոտ դա միշտ էլ ստացվում էր»,- նշեց Վադիմ Ֆեֆիլովը։

Հայկական բանահյուսությունում Թամանյան դիվիզիայի մասին երգերի թեմայով զեկույց ներկայացրած արվեստագիտության թեկնածու Մարիաննա Տիգրանյանը հենց ամբիոնից կատարեց ռազմաճակատային մի քանի երգ։

Հավելենք, որ գիտաժողովում ներկայացվեց 15 զեկույց՝ նվիրված հայ արվեստագետներին, որոնք իրենց ստեղծագործություններով ու թիկունքում կատարած անձնուրաց աշխատանքի շնորհիվ կարևորագույն ներդրում են ունեցել մարդկության պատմության ամենադաժան պատերազմներից մեկում տարած հաղթանակում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում