Տեսանյութ

Ամերիաբանկի հաճախորդներն այսուհետ MyInvest հարթակի միջոցով ուղիղ հասանելիություն ունեն AMXTrader առևտրային համակարգին

3 րոպեի ընթերցում

Այսուհետ Ամերիաբանկի MyInvest ներդրումային հարթակի օգտատերերը կարող են իրենց բջջային հավելվածից ներկայացնել առքուվաճառքի հայտեր, որոնք ակնթարթորեն արտացոլվում են AMXTrader համակարգում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս նշանակալի իրադարձությունը նշանավորվեց բորսայական ավանդական զանգի հնչեցմամբ։ 

«Նմանատիպ նախաձեռնություններ երբևէ չեն իրականացրել հայաստանյան բանկերը, առհասարակ Հայաստանի ֆոնդային բորսա միշտ հաճախորդները ներկայացրել են հեռախոսի միջոցով կամ  գրավոր՝ մեյլերի միջոցով, որն իրական ռեժիմով իրական գների հասանելիություն չի տվել, իսկ ցանկացած կապիտալ շուկայի համար նմանատիպ զարգացումը կարելի է համարել հեղափոխական, որովհետև ցանկացած կապիտալի շուկա ձգտում է, որ հասարակությունը ներգրավված լինի բորսաներում իրական ռեժիմով»,- ասաց Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:

Մասնագետների խոսքով՝ նմանատիպ ինտեգրումները խթանում են կապիտալ շուկայի զարգացումը՝ այն դարձնելով ավելի մատչելի, արագ, թափանցիկ և արդյունավետ բոլոր մասնակիցների համար։

 «Մեր հաճախորդներն արդեն իրական ժամանակում հնարավորություն կունենան տեսնելու բորսայի գները և իրական ժամանակում ավտոմոտ կերպով՝ առանց ձեռքով որևէ  միջամտության, կնքել բորսայում գործարքներ: Բացի տեսանելի և հասանելի լինելուց, այժմ ներդրումները մեր շուկայում դարձել  են  նաև մատչելի, քանի որ մենք  այսօր նվազեցրել ենք նվազագույն սակագները հայկական շուկայի համար 2500-ից  դարձնելով 1000 դրամ: Այս քայլով փորձելու ենք էլ ավելի զարգացնել ներդրումային մշակույթը Հայաստանում  և խթանել մեր ներդրողներին՝ ներդրումներ անել հենց հայկական շուկայում և դրանով իրենց լուման ունենալ  մեր երկրի և շուկայի զարգացման մեջ»,- ընդգծեց  Ամերիաբանկի արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը:

Ամերիաբանկի ներդրումային թրայբի ղեկավար Արտուշ Ենգիբարյանն էլ նշեց՝ նմանատիպ թվայնացված լուծումները ոչ միայն բարձրացնում են ներդրումային մշակույթի մակարդակը, այլ նաև էական խթան են կապիտալի շուկայի ներուժի լիարժեք իրացման համար:

«Արդեն կարող ենք ասել, որ միջազգային շուկաների արագությանը հավասար առևտուր կիրականացվի նաև Հայաստանի ֆոնդային բորսայով: Վերջին երեք տարիներին մենք մոտավորապես եռակի աճ ենք ունենում թե՛ գործարքների ծավալի, թե՛ հաճախորդների քանակի և սա ցուցիչ է, որ մարդիկ հետաքրքրված են ներդրումներով, փնտրում և փորձում են գտնել ավելի խելամիտ և արդյունավետ տարբերակներ՝ իրենց խնայողությունները կառավարելու »,-Արտուշ Ենգիբարյան, Ամերիաբանկի ներդրումային թրայբի ղեկավար

MyInvest-ն Ամերիաբանկի ներդրումային հարթակն է, որը հասանելիություն է ապահովում միաժամանակ 30-ից ավելի միջազգային ֆինանսական շուկաների և 20,000-ից ավելի բաժնետոմսերի ու պարտատոմսերի:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում