«Իմ Քայլը» հիմնադրամի դուալ կրթական ծրագրի ուսուցիչներն ու դասախոսները վերապատրաստման մեկշաբաթյա ծրագրով Գերմանիայում են
2 րոպեի ընթերցում

«Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի ուսուցիչներն ու դասախոսները մասնագիտական վերապատրաստման և փորձի փոխանակման մեկշաբաթյա ծրագրի շրջանակում hունիսի 22-ին ժամանել են Գերմանիա։ Նրանց ուղեկցում են ծրագրի ղեկավար Ռիմա Գրիգորյանը և ծրագրի փորձագետ Էթերի Ստեփանյանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Իմ Քայլը» հիմնադրամից, պատվիրակությունն արդեն Թրիսդորֆում է և հունիսի 23-ին սկսել է հագեցած ուսումնական օրակարգը Վայհենշտեֆան-Թրիսդորֆ կիրառական գիտությունների համալսարանում։
«Սկզբում ողջույնի խոսք ուղղեց Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանը, այնուհետև ներկայացվեցին համալսարանի կառուցվածքը, միջազգային ուսումնական ծրագրերը և հատկապես գյուղատնտեսական կառավարման ոլորտում մագիստրոսական և շարունակական կրթության հնարավորությունները։
Այս միջազգային այցը կարևոր քայլ է նորարարական գյուղատնտեսական կրթության արդի մոտեցումների ուսումնասիրման, տեղայնացման և Հայաստանում կիրառման ճանապարհին։ Հավատացած ենք, որ ուսուցիչներն այս փորձի փոխանակման բացառիկ հնարավորությունը լավագույնս կօգտագործեն գիտելիքներով զինվելու և նորարար գյուղատնտեսության մոդելներն ու առավելությունները «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի «Ագրոտեխնոլոգիա» խմբակի սաներին փոխանցելու համար։
Հիմնադրամը խորապես համոզված է, որ մարդկային ներուժի զարգացումը սկսվում է կրթված անհատից՝ նպաստելով թե՛ անձնային աճին, և թե՛ ընդհանուր համայնքի զարգացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։