3 րոպեի ընթերցում
Իսրայելի հարվածների առաջին իսկ օրերից Իրանում անվտանգության խնդիրը սրվել է։ Բնակիչներից շատերը ստիպված են կամ երկրում առավել անվտանգ վայրեր տեղափոխվել, կամ հեռանալ երկրից։ Իրանահայերից ևս դուրս են գալիս երկրից։ Նրանց առաջին կանգառը Հայաստանն է։ Հիլդա Արամյանն ընտանիքի հետ է տեղափոխվել Հայաստան։
«Վիճակը շատ բարդ է։ Արդեն մեկ շաբաթ է, որ Իրանից եկել ենք։ Մտածեցինք՝ հայրենիքն ամենալավ տեղն է»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշում է Հիլդա Արամյանը։
Նրանց ընտանիքն առաջին անգամ չէ Հայաստանում։ Մինչ այդ էլ տարբեր առիթներով այցելել են. միջավայրը հարազատ է, իրենց լավ են զգում։ Հայաստան եկած ընտանիքն այս պահին ունի բնակարանի խնդիր։
«Զանգել եմ հանձնակատարի գրասենյակ, ասացին, որ կարող ենք դիմել, ամեն կերպ կօգնեն»,-ասում է Արամյանը։
Այս օրերին Իրանից իրանահայերի որոշակի հոսք դեպի Հայաստան նկատվում է։ Ոմանք Հայաստանը դիտարկում են տարանցիկ երկիր, որոշներն էլ նախընտրում են մնալ այստեղ։ Աջակցության ակնկալիքով դիմում են Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակ։
«Մեզ դիմել են բավական քիչ անձինք, երևի 2 ընտանիք։ Մեկը դիմել է, որովհետև ցանկացել է մեզ տեղեկացնել, թե ինչ է տեղի ունենում, իսկ ընտանիքներից մեկը երեկ է եկել, կացարանի խնդիր ունեին, և մենք ժամանակավոր լուծել ենք այդ հարցը։ Կարծում ենք՝ եթե ապագայում հոսք լինի, ապա կացարանը լինելու է համար մեկ խնդիրը»,-ընդգծում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Նրա խոսքով՝ դեպի Հայաստան հայերի զանգվածային հոսք Իրանից ու Իսրայելից այսօրվա դրությամբ չկա։
Խոսելով այն մասին, թե որքանով է Հայաստանը պատրաստ մարդկանց հնարավոր հոսքի՝ Սինանյանը շեշտում է, որ այդ հարցի շուրջ կարող է դատել միայն անցած փորձից։ «Անցած փորձը 2023-ին Արցախի մեր հայրենակիցների՝ Հայաստանում հայտնվելն էր էթնիկ զտման հետևանքով, և պետությունն առաջին փուլում իր պատասխանատվությունը բավականին բարձր մակարդակով իրականացրեց՝ մարդկանց ընդունել և ժամանակավոր հոգալ կարիքները։ Այդ փորձից ելնելով՝ կարող ենք ասել, որ պետությունը կարող է դիմագրավել հայերի հոսքին դեպի Հայաստան»,-եզրափակում է Սինանյանը։
Ինչպես նախորդ տարիներին այլ երկրներում տեղի ունեցած ճգնաժամերի պարագայում, այս անգամ ևս անհրաժեշտության դեպքում Հայաստանը պատրաստ է ընդունել իր հայրենակիցներին։