Սամվել Կարապետյանը հետ է վերցրել իրեն կալանավորելու որոշման վերաքննիչ բողոքը և նախատեսում է դիմել ՄԻԵԴ
2 րոպեի ընթերցում

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմը որոշել է հետ վերցնել գործարարի նկատմամբ կալանք կիրառելու որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է գործարարի պաշտպան Արմեն Ֆերոյանը՝ նշելով, որ նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով գործի մակագրումը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։
«Հաշվի առնելով, որ այդ դատավորը տասնյակ տարիներ ամենից ցածր վարկանիշ ունեցող դատավորն է, ամենից հաճախ բացարկի ենթարկված դատավորն է, ում նկատմամբ արդարադատության ընկալումը բացակայում է, ուստի վստահորդիս հետ քննարկման արդյունքում որոշել ենք օրենքով սահմանված կարգով հետ վերցնել իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը»,– հայտարարել է Ֆերոյանը։
Նրա խոսքով՝ փաստաբանական խումբը գրեթե ավարտել է նախապատրաստական բոլոր անհրաժեշտ գործողությունները ՄԻԵԴ-ում գանգատ ներկայացնելու ուղղությամբ։ Ըստ պաշտպանի՝ արդեն իսկ Վերաքննիչ դատարան է ներկայացվել բողոքը հետ վերցնելու վերաբերյալ դիմումը, որը ենթակա է անհապաղ քննարկման։
«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով։
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Կարապետյանը զանգվածային լրատվամիջոցի միջոցով հարցազրույցի ընթացքում հնչեցրել է կոչեր, որոնք ուղղված են եղել «իշխանությունը զավթելուն՝ ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով կառավարության լիազորություններին տիրանալուն»։
Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։