Իրան

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Ժնև՝ մասնակցելու «Եվրաեռյակի» երկրների ԱԳ նախարարների հետ բանակցություններին

2 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Ժնև՝ մասնակցելու «Եվրաեռյակի» երկրների ԱԳ նախարարների հետ բանակցություններին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ժնև՝ իր բրիտանացի, ֆրանսիացի և գերմանացի գործընկերների հետ միջուկային էներգիայի և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ բանակցություններ վարելու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Աբբաս Արաղչիի տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ, որին կից տեղադրված են նաև նախարարի ժամանման լուսանկարները:

«Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչիի ժամանման պահը ԵՄ-3 երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հետ բանակցությունների վայր», - ասված է հաղորդագրության մեջ։

Եվրոպական պատվիրակության կազմում են Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին: Բացի այդ, բանակցություններին ներկա կլինի ԵՄ բարձրաստիճան դիվանագետ Կայա Կալլասը: ԵՄ արտաքին քաղաքականության պաշտոնյայի խոսքով՝ նրա մասնակցությունը նպատակ ունի նվազեցնել լարվածությունը և որոշում կայացնել «միջուկային դոսյեի» վերաբերյալ:

Ավելի վաղ Ժնևում սպասվող հանդիպումից առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ եվրոպացի գործընկերները հույս ունեն դիվանագիտական առաջարկ ներկայացնել Իրանին, որը կօգնի վերջ դնել Իսրայելի հետ հակամարտությանը։ Ըստ Մակրոնի՝ առաջարկն առնչվում է չորս հիմնական բաղադրիչի՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության աշխատանքի վերսկսում, որը կտանի դեպի ուրանի «զրոյական հարստացում», Իրանի բալիստիկ հրթիռների հետ կապված գործունեության հսկողություն, իրանական բանտերում պահվող օտարերկրացիների ազատ արձակում, տարածաշրջանի զինված խմբավորումների ֆինանսավորում Իրանի կողմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում