Տեսանյութ

«ID» քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն արդեն անցյալում է. ՆԳՆ

4 րոպեի ընթերցում

Նույնականացման քարտերի թողարկման պահանջարկը վերջին շրջանում մեծացել է՝ պայմանավորված Կառավարության նախանշած հայտարարագրման գործընթացով։
ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հանձն է առել նոր թվային լուծումներով ապահովել նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ 

Գործարկվել են նաև նույնականացման քարտերի տպիչ երկու սարքեր, ինչի արդյունքում բարձրացել է տպագրման որակը և վերակարգավորվել համակարգը։ 
2025 թվականի հունիսի 17-ի դրությամբ ծառայությունում ընդունվել է նույնականացման քարտի 131 104 դիմում, որից տպագրվել է 120 066 նույնականացման քարտ, տպագրության փուլում է 11 038 նույնականացման քարտ։ Հերթագրման համակարգում սպասում է 52 160 քաղաքացի, որից 40 645-ը՝ Երևանում:

2024 թվականին նույնականացման քարտ ստացել է 161 000 անձ։ Սա երկուսուկես անգամ շատ է 2023 թվականի ցուցանիշից․ ստացվում է, որ 2025 թվականի հունիսի դրությամբ ցուցանիշը գրեթե մոտենում է անցած տարվա սպասարկման ծավալներին։

«Նախաձեռնել ենք մի շարք լուծումներ, որոնք մեզ թույլ կտային թողունակությունը ավելի ընդլայնել նույնականացման քարտերի տպագրության և կարողանայինք ավելի մեծ ծավալ սպասարկել մեր քաղաքացիներին։ Այսօրվա կտրվածքով օրական շուրջ 1000 նույնականացման քարտի սպասարկում կարող ենք ունենալ, բայց այս թիվն արդեն իսկ ենթակա է լինելու կրկնապատկման, քանի որ ձեռք ենք բերել երկու նոր տպագրական սարքերի համար նախատեսված լազերային համակարգ, որը թույլ կտա ավելի արագ տպագրություն իրականացնել նույնականացման քարտերի և բարձրացնել թողունակությունը»,-նշել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, այդ թվում՝ օրենքով սահմանված ժամկետների պահպանման համար Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներկայումս աշխատում է առանց հանգստի։

Կարող ենք արձանագրել, որ կուտակումների հետևանքով քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն այլևս անցյալում է»,-նշված է հաղորդագրության մեջ։

ՄՔԾ անձը հաստատող փաստաթղթերի թողարկման վարչություն պետ Աննա Մակարյանի խոսքով՝ ծառայության տեխնիկական պատասխանատուները ուսումնասիրել են հերթագրումների օնլայն հարթակը և հայտնաբերել նույնականացման քարտի ստացման հերթագրում այն դեպքում, երբ տվյալ անձն արդեն իսկ ունի վավեր նույնականացման քարտ»,- 

«Հորդորում ենք մեր քաղաքացիներին չեղարկել հերթագրումը, եթե չեն կորցրել վավեր նույնականացման քարտը։ Պետք է արձանագրել նաև, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բոլոր ստորաբաժանումներում կան նույնականացման քարտեր, որոնք թողարկվել են, բայց շարունակում են մնալ ստորաբաժանումներում»,- նշում է Աննա Մակարյանը։

Եթե դեռ չունեք նույնականացման քարտ, ապա անհրաժեշտ է մուտք գործել migration.e-gov.am կայքի «Նույնականացման քարտի տրամադրում» բաժին, ընտրել ազատ օրն ու ժամը և մոտենալ սպասարկման։ Մարզերում իրականացվում է նաև կենդանի հերթի ձևաչափով սպասարկում։ Կարող եք մոտենալ Երևանից դուրս գտնվող Ձեզ հարմար ցանկացած ՄՔԾ տարածքային ստորաբաժանում և տեղում հերթի տերմինալից կտրոն վերցնել, սպասել ու սպասարկվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում