Հայաստան

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների իններորդ դասարաններում այսօր հնչել է Վերջին զանգը

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների իններորդ դասարաններում այսօր հնչել է Վերջին զանգը

Գեղարքունիքի մարզային ենթակայության 115 և ԿԳՄՍ նախարարության ենթակայության 8 հանրակրթական դպրոցներից 5-օրյա աշխատանքային շաբաթ ունեցող 113 դպրոցներում մայիսի 23-ին հնչել է 2024-2025 ուսումնական տարվա Վերջին զանգը, իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթ ունեցող դպրոցներում վերջին զանգին նվիրված միջոցառումները տեղի կունենան մայիսի 24-ին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, Գեղարքունիքի մարզում 2024-2025 ուսումնական տարվա ավարտին իրենց կրթօջախներին հրաժեշտ են տալիս 1473 12-րդ դասարանների շրջանավարտներ, որոնցից 1083-ը՝ մարզային, իսկ 390-ը՝ ԿԳՄՍՆ ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներ են։ 

Մարզում սովորող 2678 9-րդ դասարանցիներից 2652-ը ավարտում են մարզային ենթակայության, իսկ 26-ը՝ ԿԳՄՍՆ ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները։ 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը այս ուսումնական տարին հայտարարել է մշակութային կրթության տարի, որի շրջանակում Գեղարքունիքի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում Վերջին դասին նվիրված միջոցառումների ծրագրերը հիմնականում մշակվել և ներկայացվում են նախագծային աշխատանքների տեսքով՝ համադրելով կրթությունն ու մշակույթը: 

Շրջանավարտների կողմից միջոցառումները պատշաճ անցկացնելու, ավելորդ խնդիրներից և միջադեպերից զերծ մնալու նպատակով այս օրերին դպրոցներում, դպրոցամերձ տարածքներում և հանրային այլ վայրերում ուժեղացված ծառայություն են իրականացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները և պարեկային ծառայողները։

Մայիսի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը վերջին զանգի կապակցությամբ այցելել է Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոց, իր շնորհավորանքի խոսքն ու բարեմաղթանքներն ուղղել շրջանավարտներին ու նրանց ծնողներին, դպրոցի տնօրինությանը և ուսուցչական անձնակազմին:

Մարզի շրջանավարտներին շնորհավորական ուղերձներ են հղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը։

Խոսրով  Խլղաթյան 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում