Հութիները կրկին թիրախավորել են Իսրայելի օդանավակայանը
2 րոպեի ընթերցում

Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ հրթիռային ուժերը հատուկ ռազմական գործողություն են իրականացրել Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի դեմ՝ հիպերձայնային բալիստիկ հրթիռով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Սա երրորդ նմանատիպ գործողությունն է 24 ժամվա ընթացքում։
Եմենի զինված ուժերի խոսնակ, բրիգադային գեներալ Յահյա Սարին հաստատել է, որ գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին, և բազմաթիվ իսրայելցիների ստիպել է թաքնվել ապաստարաններում։ Բացի այդ, օդանավակայանի գործունեությունը դադարեցվել է։
Նա վերահաստատել է, որ իրենց գործողությունները կշարունակվեն և կընդլայնվեն մինչև Գազայի դեմ ագրեսիան դադարի և պաշարումը վերացվի։
Իսրայելական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իսրայելի ավելի քան 120 բնակավայրերում հնչել են օդային տագնապի ազդանշաններ։ Ըստ հրապարակումների՝ «Բեն Գուրիոն» օդանավակայանից և դեպի այնտեղ թռիչքները դադարեցվել են, քանի որ հնչել են օդային տագնապի ազդանշաններ, և հայտնաբերվել է Եմենից արձակված հրթիռ։
Իր հերթին, իսրայելական 12-րդ ալիքը հաղորդել է, որ Գազայի հատվածում մարտական գործողությունների վերսկսումից ի վեր Եմենի զինված ուժերը 44 բալիստիկ հրթիռ և անօդաչու թռչող սարք են արձակել Իսրայելի ուղղությամբ։
Մայիսի 22-ին հութիները հայտարարել էին, որ բալիստիկ հրթիռով և երկու անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանին և Յաֆֆայում ու Հայֆայում գտնվող կարևորագույն իսրայելական թիրախներին։