Մերձավոր Արևելք

Բազմաթիվ երկրներ դատապարտել են Իսրայելի հարձակումը Ջենինում դիվանագիտական պատվիրակության վրա

2 րոպեի ընթերցում

Բազմաթիվ երկրներ դատապարտել են Իսրայելի հարձակումը Ջենինում դիվանագիտական պատվիրակության վրա

Բելգիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Իսպանիան և Ուրուգվայը հայտարարել են, որ Իսրայելի դեսպաններին հրավիրել են իրենց երկրների արտգործնախարարություն՝ Ջենինում իսրայելական ուժերի կողմից դիվանագետների վրա կրակոցների վերաբերյալ բացատրություն տալու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է France24-ը։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին միջադեպն անվանել է «բացարձակապես անընդունելի» և պահանջել է «անհապաղ բացատրություն»։

Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Բելգիան, Սաուդյան Արաբիայի Թագավորությունը, Եգիպտոսը, Հորդանանը, Թուրքիան, Ճապոնիան դատապարտել են իսրայելական ուժերի կողմից մայիսի 21-ին Ջենինի փախստականների ճամբար այցելության ժամանակ դիվանագիտական ​​պատվիրակության վրա կրակոցները։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այս հարձակումը «պետք է անհապաղ հետաքննվի, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»։

Ճապոնիայի կառավարության խոսնակ Յոշիմասա Հայաշին հայտարարել է, որ Տոկիոն բողոք է ներկայացրել իսրայելական կողմին և խնդրել «պարզաբանում տալ և կանխել նման միջադեպի կրկնությունը»։ 

Երկրները հայտարարել են, որ Իսրայելի կողմից քաղաքացիական անձանց, դիվանագիտական ​​առաքելությունների և օկուպացված պաղեստինյան տարածքներում գործող մարդասիրական կազմակերպությունների նկատմամբ բռնությունները պետք է դադարեն։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն իր հերթին Իսրայելի քայլը որակել է «անընդունելի»։

Պատվիրակությունը, որի կազմում էին շուրջ 30 երկրների դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մայիսի 21-ին հայտնվել էր իսրայելական ուժերի կողմից կրակի տակ, երբ նրանք այցելել էին Ջենինի ճամբար՝ ուսումնասիրելու այնտեղ տիրող իրավիճակը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում