Հայաստան

Երևանն ավելի մոտ ու մտերմիկ. ARARAT հայկական կոնյակը ներկայացնում է ARARAT Երևան ձայնային ուղեցույցը

4 րոպեի ընթերցում

Երևանն ավելի մոտ ու մտերմիկ. ARARAT հայկական կոնյակը ներկայացնում է ARARAT Երևան ձայնային ուղեցույցը

Երևանն արդեն ունի ձայն՝ ARARAT Երևան ձայնային ուղեցույց, որն  ավելի մտերմիկ կդարձնի մայրաքաղաքի հետաքրքիր փողոցները երևանցիների և քաղաքի հյուրերի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայերերն, ռուսերեն և անգլերեն լեզուներով՝ հասանելի ARARAT Երևան ձայնային ուղեցույցը հրաշալի հնարավորություն է երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի համար՝ բացահայտելու հին քաղաքի նոր եզրերը, մտագրավ պատմություններ լսելու նրա ճարտարապետական կառույցների մասին և, ամենակարևորը, հաղորդակից լինելու նրա բացառիկ ջերմությանը։

ARARAT Երևան ձայնային ուղեցույցը լեգենդար հայկական կոնյակի հարգանքի տուրքն է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքին, նրա մշակութային բազմազանությանը և պատմական հարուստ ժառանգությանը։ Այս նախագիծը ARARAT-ի` մայրաքաղաք Երևանի հանդեպ խորը նվիրվածության և անկեղծ սիրո խորհրդանիշն է, որում իր արձագանքն է գտնում քաղաքի ջերմ միջավայրն ու ոգին։

Երևանի կոնյակի գործարանի վաճառքների և շուկայավարության տնօրեն Անուշ Համբարձումյանը ընդգծեց՝ Երևանն այն հյուրընկալ քաղաքն է, որը կարող է անվերջ ոգեշնչել։ 

«Մենք ցանկանում էինք հանդես գալ մի նախաձեռնությամբ, որը թույլ կտար երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին զգալ մեր քաղաքի անկրկնելի հմայքն ու նրա հարուստ պատմությունը։ Այս ձայնային ուղեցույցը պարզապես հետագիծ չէ, այլ Երևանի հանդեպ սիրո պատմություն։ Լիահույս եմ, որ այս փորձառությունը յուրաքանչյուրի համար կդառնա գեղեցիկ հիշողություն՝ ուղեկցված ARARAT-ի ջերմությամբ։ Թեպետ աուդիոգիդում ներառված չէ ARARAT թանգարանը, շատ խորհրդանշական է, որ այս նախագիծը մեկնարկում է հենց այստեղ՝ ARARAT թանգարանում։ Մեզ համար շատ կարևոր է Երևանի ամենաայցելվող թանգարանից մեկի՝ ARARAT թանգարանի տասնյակ հազարավոր հյուրերին ներկայացնել մեր քաղաքը, հնարավորություն տալ բացահայտելու թե՛ նրա պատմական ժառանգությունը, թե՛ ժամանակակից զարկերակը»,- նշեց Անուշ Համբարձումյանը։

ARARAT Երևան ձայնային ուղեցույցը առաջարկում է մոտ մեկ ժամ տևողությամբ զբոսանք Երևանի կենտրոնով, որը մեկնարկում է Ռադիոյի տան մոտ և բերում ունկնդրին Ֆենիքս բար։ Ավելին, զբոսանքի ավարտին ձայնային ուղեցույցը կմատուցի հաճելի անակնկալ:

Այս ձայնային ուղեցույցի առանձնահատկություններից մեկն այն է, որ առաջարկված հետագծի շրջանակներում ձեզ հետ կզբոսնի լրագրող և գրող, Երևանի մասին մի շարք գրքերի հեղինակ Մարկ Գրիգորյանը, ով ներկայացնում է ոչ միայն զարմանահրաշ պատմություններ, այլև կիսում ձեզ հետ Երևանի հանդեպ իր անկեղծ հույզերը։ Նա  հեղինակել է ուղեցույցը, մեծապես  աջակցել է նախագծի     իրականացման գործում:

«Շատ հետաքրքիր խնդիր էր ինձ համար, որը ես էի դրել իմ առջև՝ քայլել Երևանյան փողոցներով և փորձել պատմել ամեն մի շենքի մասին: Չեմ կարող ասել, որ ես պատմել եմ բոլոր շենքերի մասին, բայց շատ ուրախ եմ իմ գիտելիքները կիսել բոլորի հետ և՛ երևանցիների, և՛ ոչ երևանցիների հետ, որովհետև իրենք կտեսնեն քաղաքը կամ քաղաքի ինչ-որ մի փոքրիկ հատված իմ աչքերով»,- նշեց Մարգ Գրիգորյանը:

Իր կիրառության մեջ մատչելի և հարմարավետ ARARAT Երևան ձայնային ուղեցույցը կլինի ձեր և ձեր հյուրերի լավագույն ուղեկիցը։ Այն հասանելի է կայքում:

Երևանի մշակույթը հանրությանը ավելի մոտ դարձնելու նպատակով ARARAT թանգարանի ժամանակավոր ցուցադրության սրահում բացվել է Երևանի պատմական քարտեզների ցուցադրությունը, որը ավարտվում է ժամանակակից Երևանի քարտեզով: Թանգարանի նպատակն է հանդիսանալ մի հարթակ, որտեղ կներկայացվի Հայաստանի և Երևանի մշակույթը: 

Ցուցասրահում հանրությունը հնարավորություն ունի ծանոթանալու Երևանի պատմական քարտեզներին, որոնք վերցված են Մարկ Գրիգորյանի և Արմինե Սարգսյանի «Երևանը քարտեզներում XVII – XXI դարեր» գրքից։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում