Այվազովսկու «Ծովային տեսարանը» Դիլիջանում՝ վիրտուալ իրականության նոր ձևաչափով
3 րոպեի ընթերցում

Թանգարանների միջազգային օրվա շրջանակում Դիլիջանի երկրագիտական թանգարանում կայացավ Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» (Սև ծովի ափերը) կտավի վիրտուալ իրականության նախագծի պաշտոնական մեկնարկը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրեր Երևանից և Դիլիջանից, որոնք առաջինը փորձարկեցին Այվազովսկու կտավի նորարարական վիրտուալ փորձառությունը։
1870 թվականին ստեղծված «Ծովային տեսարան» կտավը համարվում է Այվազովսկու ամենահայտնի աշխատանքներից։ Կտավի կենտրոնում ծովի ալիքների վրա օրորվող առագաստանավն է, որը շարժվում է դեպի ափ։ Հեռվում տեսանելի են մշուշով պատված ժայռեր և աշտարակաձև կառույցներ, որոնք ստեղծում են խորհրդավոր մթնոլորտ։
Այս արվեստի գործը պահվում է Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհի, ինչպես նաև «Գրին Ռոք» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ կյանքի է կոչվել այս բացառիկ նախագիծը՝ ներկայացված ARLOOPA ընկերության կողմից։
Վիրտուալ իրականության այս նոր փորձառության շնորհիվ այցելուները հատուկ ակնոցների միջոցով կարող են բառացիորեն «մտնել» կտավի աշխարհ՝ դիտել ալեկոծ ծովում ճոճվող նավը, զգալ ծովի շունչը և նույնիսկ տեսնել վարպետ Այվազովսկուն, ով նստած է հենց այցելուի կողքին և վրձնով անմահացնում է իր գլուխգործոցը:
Նախագծի շրջանակում կազմակերպվել է նաև վիրտուալ իրականության ստեղծման աշխատարան՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ։ Աշխատարանի նպատակը Դիլիջանի և Թումոյի սաներին ներգրավելն էր իրենց քաղաքում իրականացվող նորարարական ծրագրի ստեղծման գործընթացին։ Աշխատարանին մասնակցել են 16 պատանիներ Դիլիջանից, Գավառից, Սևանից և Գյումրիից։
«Գրին Ռոք» հիմնադրամը շարունակում է խթանել Դիլիջանում մշակութային և հասարակական արժեքները՝ նորարարության և կայուն զարգացման սկզբունքներով։ Այս նպատակի շրջանակում հիմնադրամը նաև թանգարանին նվիրեց խորհրդային շրջանի ճանաչված հայ նկարիչ և քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի երկու ստեղծագործություն, որոնք կընդգրկվեն մշտական ցուցադրության մեջ՝ համալրելով թանգարանի մշակութային ժառանգությունը։