Լեհաստանի նախագահական ընտրություններում առաջատար է Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկին
2 րոպեի ընթերցում

Լեհաստանի նախագահական ընտրություններում, էքզիթ-փոլերի տվյալներով, շատ փոքր առավելությամբ հաղթանակ է տանում Վարշավայի լիբերալ քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Տշասկովսկին, որը վարչապետ Դոնալդ Տուսկի կենտրոնամետ «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունից է, ստացել է ձայների 31,1%-ը, իսկ նրա մրցակից, պահպանողական Կարոլ Նավրոցկին՝ 29,1%-ը։
Եթե այս տվյալները հաստատվեն, ինչն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մայիսի 19-ի երեկոյան, ապա Տշասկովսկին և Նավրոցկին հունիսի 1-ին կպայքարեն ընտրությունների երկրորդ փուլում, քանի որ 13 թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել ստանալ ձայների 50%-ից ավելին։
Ռաֆալ Տշասկովսկին ավելի վատ արդյունքներ է ցույց տվել, քան հարցումները կանխատեսում էին մինչև ընտրությունները. այդ ժամանակ նա իր մրցակից Կարոլ Նավրոցկիից առաջ էր 4%-6%-ով։
Լեհաստանի նախագահի իշխանությունը հիմնականում արարողակարգային բնույթ է կրում, սակայն նա կարող է վետո դնել կառավարության որոշումների վրա։ Վարչապետ Դոնալդ Տուսկի կոալիցիան խորհրդարանում չունի այնպիսի մեծամասնություն, որ կարողանա շրջանցել նախագահի վետոն։
BBC-ն նշում է, որ Տուսկը չի կարողացել իրագործել իր նախընտրական քարոզարշավի խոստումներից շատերը, մասամբ նաև այն պատճառով, որ գործող պահպանողական նախագահ Անջեյ Դուդան վետո է դրել կառավարության որոշումների վրա։ Տշասկովսկիի հաղթանակը կլուծեր նախագահական վետոյի խնդիրը։ Ըստ BBC-ի՝ քարոզարշավի ընթացքում Նավրոցկին իր աջակիցներին կոչ է արել թույլ չտալ, որը Տուսկը Լեհաստանում լիակատար իշխանություն ձեռք բերի։