Մարզեր

Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների հետ

4 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների հետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մայիսի 16-ին խորհրդակցություն է անցկացրել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների հետ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, խորհրդակցությունը նվիրված էր 2024-2025 ուստարվա ընթացքում կատարված աշխատանքներին, առաջիկա անելիքներին, Վերջին զանգի միջոցառումների կազմակերպման ու անցկացման կարգին։

2024-2025 թվականի ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին զեկույցով հանդես է եկել  Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը՝ հանգամանալից ներկայացնելով  կրթության, մշակույթի և սպորտի ոլորտում  գրանցված հաջողություններն ու ձեռքբերումները, անցկացված բազմաբնույթ միջոցառումները, «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով մարզում կառուցվող կամ հիմնանորոգվող դպրոցների ու մանկապարտեզների շինարարության ընթացքը, հրատապ ծրագրերով իրականացված աշխատանքները, մանկավարժների կամավոր ատեստավորման ու տարակարգի շնորհման արդյունքները։ 

Մարզպետ Կարեն Սարգսյանն անդրադարձել է Վերջին զանգի միջոցառման կազմակերպման ու անցկացման կարգին և մարզի հանրակրթության ոլորտի առաջիկա անելիքներին ու հրատապ խնդիրներին։ «Իմ հորդորն է ձեզ՝ սահմանել համարժեք հսկողություն, որպեսզի միջոցառումներն անցկացվեն միայն սահմանված կարգի համաձայն, շրջանավարտների կողմից թույլ չտրվի որևէ անցանկալի արարք, տեղի չունենա որևէ տհաճ միջադեպ, և իշխի միայն տոնական տրամադրությունը։ Հաջորդ առաջնահերթ ու կարևոր անելիքը վերաբերում է դպրոցաշինությանը։ Դուք գիտեք, որ այժմ շինարարական աշխատանքներ ընթանում են մարզի երեք տասնյակից ավել դպրոցներում, որտեղ անհարժեշտ վերահսկողության կարիք կա։ Այդ անհրաժեշտությունից ելնելով էլ  համապատասխան դպրոցների տնօրենները պետք է տեղերում ամենօրյա հսկողություն սահմանեն  ընթացքի մեջ գտնվող շինաշխատանքների նկատմամբ և ի հայտ եկած խնդիրների, բացթողումների մասին անմիջապես տեղեկացնեն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին, որպեսզի կարողանանք ժամանակին միջամտել ու շտկել իրավիճակը»,-հանձնարարել է Կարեն Սարգսյանը։ 

Դպրոցների տնօրենները հանդես են եկել  հարցադրումներով ու առաջարկություններով։  

Օգտվելով առիթից՝ Կարեն Սարգսյանը արդյունավետ աշխատանքի ու հանրակրթության ոլորտում 2024-2025 ուստարվա ընթացքում գրանցված հաջողությունների համար շնորհակալություն է հայտնել  մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններին ու վարչատնտեսական համակարգողներին՝ միաժամանակ նրանց միջոցով իր ջերմ շնորհավորանքները փոխանցելով շրջանավարտներին։ 

Խորհրդակցության ավարտին  մարզպետը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից շնորհված դիպլոմներ ու գովասանագրեր  է հանձնել  Գեղարքունիքի մարզից 2024-2025 թվականների ուստարվա առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթած աշակերտներին, իսկ նրանց ուսուցիչներին լավագույն աշխատանքի համար  պարգևատրել է Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով ։      

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում