Քննարկվել են ՀՀ և Սաուդյան Արաբիայի միջև կենդանական հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ոլորտում համագործակցության հնարավորությունները
1 րոպեի ընթերցում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանը մայիսի 7-ին հանդիպել է Սաուդյան Արաբիայի շրջակա միջավայրի, ջրերի և գյուղատնտեսության նախարարության պատվիրակությանը՝ դոկտոր Բաքր բին Աբդ Ալ-Ռահման Ալ-Տարիֆի գլխավորությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՍԱՏՄ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են կենդանական հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորությունները:
Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և պայքարի անասնահամաճարակային միջոցառումների նկատմամբ վերահսկողության գործառույթները, իրականացման մեխանիզմերը, սահմանային պետական վերահսկողության գործընթացները։
Ըստ աղբյուրի՝ դոկտոր Բաքր բին Աբդ Ալ-Ռահման Ալ-Տարիֆը խոսել է ներմուծման և արտահանման հնարավոր երթուղիների կազմակերպման մասին:
Երկուստեք կարևորվել է գյուղատնտեսության ոլորտում առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու և խորացնելու, կենդանի կենդանիների ներմուծման և արտահանման համար առաջարկվող անասնաբուժական հավաստագրերի փոխադարձ հաստատման անհրաժեշտությունը։