Էստոնիան ձեռք է բերել համազարկային կրակի 6 HIMARS համակարգեր
2 րոպեի ընթերցում

Էստոնիայի «Էմարի» ավիաբազա է մատակարարվել HIMARS տեսակի համազարկային կրակի 6 ռեակտիվ համակարգ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Պաշտպանական ներդրումների կենտրոնը (ECDI):
Կազմակերպության՝ սպառազինությունների բաժնի ղեկավար Ռամիլ Լիպը հայտարարել է, որ այս գործարքը զենքի ամենամեծ գնումներից է Էստոնիայում։
«ԱՄՆ պաշտպանական համագործակցության գործակալության (DSCA) հետ 2022 թվականի դեկտեմբերին կնքված պայմանագրի շրջանակներում ձեռք ենք բերելու նաև զինամթերք: Փաթեթում ներառված են նաև տարբեր հեռահարության հրթիռներ»,- նշել է նա:
Էստոնիայի պաշտպանության ուժերը՝ երկրում տեղակայված ամերիկացի զինծառայողների աջակցությամբ անցկացրել են ռեակտիվ հրետանու մարտկոցի անձնակազմի նախնական վարժանքներ, իսկ առաջին մարտական կրակոցները նախատեսված են ամռանը։
HIMARS-ի ձեռքբերումը բալթյան երեք երկրների համատեղ նախագիծ է։ Շուտով նմանատիպ համակարգեր կմատակարարվեն նաև Լատվիա և Լիտվա։
ECDI տվյալներով՝ -ի՝ 2022-2024 թվականներին անվտանգության ոլորտում Էստոնիային տրամադրված ամերիկյան օգնության ընդհանուր ծավալը նախորդ երեք տարիների համեմատ եռապատկվել է՝ մոտավորապես 122 միլիոն դոլարից հասնելով 430 միլիոնի:
Էստոնիայի կառավարությունը որոշել է հաջորդ տարիներին ավելացնել պաշտպանության ծախսերը՝ համախառն ներքին արդյունքի ներկայիս 3.4 տոկոսից հասցնելով 5.5 տոկոսի։