Իրանը հերքել է Բանդար Աբբասում պայթյունի պատճառի մի քանի վարկած
1 րոպեի ընթերցում

Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքում անցած շաբաթ օրը տեղի ունեցած պայթյունը անօդաչու թռչող սարքերի կիրառման կամ դիվերսիայի հետևանք չի եղել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Մոհամմադ Մեհդի Շահրիյարին։
Իրանի ՆԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ միջադեպը տեղի է ունեցել անփութության պատճառով: Միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն 70 մարդ, վիրավորվել՝ առնվազն 1200-ը։
«Դիվերսիոն կամ անօդաչու թռչող սարք չի եղել, սակայն հետաքննությունը շարունակվում է»,- ասել է Շահրիարին։
Ըստ նրա՝ մեծ է հավանականությունը, որ միջադեպը եղել է ինչ-որ սխալի հետևանք, այլ ոչ թե չարամիտ դիտավորություն։ Նրա խոսքով՝ այդ մասին են խոսում նաև դեպքի վայր մեկնած պատգամավորների պատվիրակության անդամները։
Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսվել է Քեշիմ կղզում, որը գտնվում է Պարսից ծոցի Բանդար Աբբաս նավահանգստից մոտավորապես 20 կիլոմետր հեռավորության վրա, ինչպես նաև մեծ հրդեհ է առաջացրել: