Մեկ տարի առանց Դավիթ Մարտիրոսյանի. ֆուտբոլի նվիրյալին վերհիշել են հայկական ակումբները
2 րոպեի ընթերցում

Մեկ տարի առաջ հայաստանյան մարզական լրագրողական դաշտը մեծ կորուստ ունեցավ. կյանքից անժամանակ հեռացավ մարզական լրագրող, ֆուտբոլի նվիրյալ Դավիթ Մարտիրոսյանը:
Այսօր` ապրիլի 29-ին, հայկական ակումբները, որտեղ աշխատել է Դավիթ Մարտիրոսյանը, վերհիշել են Դավիթ Մարտիրոսյանին՝ շեշտելով նրա կատարած աշխատանքը ու թողած հետքը։
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը գրել է. «Արդեն մեկ տարի առանց մեր սիրելի Դավիթի... Դավիթը մեզ հետ է իր կատարած գործով, իր բարի խոսքով ու իր օրինակով։ Նա մեր ֆուտբոլային ընտանիքում թողեց իր հետքը, որը ժամանակը ջնջել չի կարող։«Փյունիկ» ՖԱ-ի սիրելի Դավի՛թ, մեր հիշողություններում ու սրտերում կլինես միշտ»:
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նույնպես վերհիշել է Մարտիրոսյանին. «Մեկ տարի առաջ մենք կորցրեցինք մեր ընկերոջը, գործընկերոջը և մեր ակումբի երկարամյա աշխատակցին՝ Դավիթ Մարտիրոսյանին։ Դժվար է բառերով փոխանցել, թե որքան նկատելի է նրա տեղը հայկական ֆուտբոլում։Մենք վստահ ենք, որ նրա հետ ոչ միայն հայկական ֆուտբոլը կլիներ ավելի լավը, այլև բոլոր նրանց կյանքը, որոնք ճանաչում էին Դավիթին։Աստված հոգիդ լույսերի մեջ պահի, Դավիթ ջան»:
Դավիթ Մարտիրոսյանը մարզական լրագրող Աշոտ Մարտիրոսյանի որդին է, մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի թոռը: