ՀՀ ԳԱԱ-ն ամփոփեց 2024 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության արդյունքները
9 րոպեի ընթերցում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) կայացավ տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում ամփոփվեցին 2024 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության արդյունքները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը տեղեկացրեց, որ այսօր նշված հաստատությունում աշխատում է 3595 մարդ, որոնցից 2306-ը գիտական աշխատողներ են: Գիտական աստիճան ունի 1342 աշխատակից, որոնցից 29-ը՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, 42-ը՝ թղթակից անդամ։ Մինչև 35 տարեկան գիտաշխատողների թվաքանակը 2024 թ–ին նախորդող 3 տարիների համեմատ աճել է 10%-ով, իսկ 35–50 տարեկան գիտաշխատողների թվաքանակը՝ 19%-ով։
Ներկայացնելով 2024 թ․ գիտական գործունեության հիմնական արդյունքները՝ ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ 2024թ. ակադեմիայի գիտական կազմակերպությունները շարունակել են իրականացնել հիմնարար և կիրառական բնույթի հետազոտություններ գիտության գրեթե բոլոր բնագավառներում ինչպես բյուջետային, այնպես էլ արտաբյուջետային ֆինանսավորման հաշվին։ 2024թ․ տարեկան ընդհանուր հրապարակումների թիվը 1637 է, որից SCOPUS/WOS-ում տպագրված հոդվածների քանակը 802 է, կամ ընդհանուրի մոտ 49%։ 2023թ․ համեմատ 2024թ․ SCOPUS/WOS-ում տպագրված հոդվածների թվաքանակը աճել է մոտ 41%-ով»։
Գիտությունների ազգային ակադեմիան հրապարակում է գիտության և տեխնոլոգիաների բոլոր բնագավառները ներառող 21 հանդես, եվս 9 հանդես հրապարակում են ԳԱԱ ինստիտուտները։ Ակադեմիայի հանդեսներից 5–ն ընդգրկված են WEB of Science/SCOPUS գիտատեղեկատվական շտեմարաններում՝ «Ֆիզիկա տեղեկագիր»-ը, «Աստղաֆիզիկա» ամսագիրը, «Մաթեմատիկա տեղեկագիր»-ը, «Նեյրոքիմիա» ամսագիրը և «Հայկական մաթեմատիկական հանդեսը» (էլեկտրոնային), տարվում են ակադեմիայի բոլոր հանդեսները միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ներառելու աշխատանքներ։
2024թ․ ՀՀ ԳԱԱ-ն իրականացրել է հանրապետական և միջազգային 299 դրամաշնորհային ծրագիր։ Հաշվետու տարում ակադեմիայի համակարգում անցկացվել է 96 գիտաժողով։ Ակադեմիայի համակարգում պաշտպանվել է 42 ատենախոսական աշխատանք։
ՀՀ ԳԱԱ նախագահը խոսեց կիրառական հետազոտությունների կարևորության մասին։ Ներկայացնելով «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի կիրառական ծրագրերը՝ ասաց, որ ներդրված փոքրածավալ արտադրությունները պահպանում են իրենց հաստատուն տեղն ու դիրքը հայաստանյան և արտերկրյա շուկաներում։ Դրանք են՝ «Նարինե» պրոբիոտիկի տարատեսակները, ներառյալ «Նարինե» և «Նարարգին» կոմպլեքս–ասոցացված կենսաբանորեն ակտիվ հավելումների դեղապատիճների, «Էկոբիոֆիտ+» կենսապարարտանյութի, բուսական յուղերի, հանուկների, տարբեր դեղապատրաստուկների արտադրությունները։
Աշոտ Սաղյանը նաև նշեց Ա․ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի ձեռքբերումները։ Ինստիտուտը չինական ընկերությունների հետ կնքել է պայմանագիր, որի շրջանակում չինական կողմի միջոցներով Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվել է երկրաշարժերի մոնիթորինգի 5 կայան։ Չինական կողմն արդեն մոտ 1.4 մլն դոլարի ներդրում է կատարել և տրամադրված է շարունակել համագործակցությունը։
Կայանները գրանցում են երկրաշարժերը մեծ ճշգրտությամբ։ «Նույնիսկ մոտ 10 հազար կիլոմետր հեռավորության վրա՝ Ճապոնիայում, տեղի ունեցած երկրաշարժը գրանցել են մեր կայանները», - ասաց Աշոտ Սաղյանը։ Նա նշեց, որ ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպություններն արդյունավետ համագործակցում են ՀՀ պաշտպանության նախարարության և ռազմաարդյունաբերական համալիրի հետ։
Անդրադառնալով ՀՀ ԳԱԱ ֆինանսավորմանը՝ ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ 2023 թ․ համեմատ 2024 թ․ գրանցվել է բյուջետային ֆինանսավորման ծավալների աճ մոտ 10.3%-ով, իսկ արտաբյուջետային ֆինանսավորման ծավալները նվազել են մոտ 25%-ով։
«2024թ․ ԳԱԱ բաժանմունքներին կից ստեղծված 6 մասնագիտական պրոբլեմային խորհուրդներն անցկացրել են 14 նիստ՝ նվիրված տարածաշրջանում սեյսմիկ ռիսկերին, Հանրապետությունում ռադոնի համալիր հետազոտությունների ծրագրին, «ՓԻ ԷՍ ԱՅ» ընկերության մշակած սենսորային բեկումնային տեխնոլոգիային ու նրա կիրառման հնարավորություններին, «ԷԿՈԱՏՈՄ» ՍՊԸ–ի ներկայացրած «Նաիրիտ գործարան» ՓԲԸ–ում կուտակված պայթյունավտանգ լաք–էթինոլի վնասազերծման ու ուտիլիզացման հնարավոր ուղիներին, Սևանա լճի հիմնախնդիրներին, Երևան քաղաքի կանաչապատման, ծառատնկման ու ծառահատումների, բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանության, վիրուսային վարակների արդի խնդիրներին, գրական հայերենի կանոնարկման ու տերմինաշինության հիմնահարցերին և այլն»,- նշեց ԳԱԱ նախագահը։
Նա ներկայացրեց տվյալներ ԳԱԱ միջազգային համագործակցության մասին։ ՀՀ ԳԱԱ-ն համագործակցության պայմանագրեր է կնքել Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի, Աթենքի ակադեմիայի, Չինաստանի «CORE» ակադեմիայի, ՌԴ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղի և Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի անվան պոլիտեխնիկական համալսարանի հետ։ 2024թ․ իրականացվել է 2023թ․ հիմնադրված ակադեմիայի մրցանակի մրցանակաբաշխությունը։ Շնորհվել է 6 մրցանակ՝ յուրաքանչյուրը 5 միլիոն դրամի չափով։ Մրցանակները ֆինանսավորել է «ՄԱՐՏԻՆ ՍԹԱՐ» ընկերությունը։ «Այս տարի ևս մեկ անվանակարգով մրցանակ է ավելացել՝ բժշկագիտության բնագավառում։ Ֆինանսավորող կողմը «ԼԻՔՎՈՐ» դեղագործական ընկերությունն է։ Այսօրվանից մեկնարկում է հաջորդ՝ թվով երկրորդ մրցանակաբաշխությունը, որը նախատեսվում է անցկացնել գիտության համաշխարհային օրը՝ նոյեմբերի 10–ին»,- ասաց Աշոտ Սաղյանը։
Նրա բնորոշմամբ՝ ակադեմիայի անդամների ընտրության հարցը ամենացավոտներից է. շուրջ 10 տարի է (օրենքի խախտումով), ակադեմիայի անդամների ընտրություններ չեն անցկացվել, արդյունքում մոտ երկու անգամ կրճատվել է ակադեմիայի անդամների թիվը։ Օրինագծով սահմանվում է ակադեմիայի անդամների առավելագույն թիվ՝ 100, դա ամրագրված կլինի օրենքով և հետագայում ակադեմիայի ղեկավարությունը պարբերաբար կկազմակերպի ընտրություններ ազատված քվոտաների հաշվին առանց կառավարության թույլտվության։ Ակադեմիայի անդամների ընտրությունները կիրականացվեն գիտաչափական տվյալների հիման վրա՝ հաստատված ակադեմիայի, բարձրագույն կրթության և գիտության լիազոր մարմնի կողմից։ Արդյունքում միայն այն անձինք իրավունք կստանան մասնակցել ակադեմիայի ընտրություններին, ովքեր կբավարարեն այդ ցուցանիշներինը, կհաղթահարեն «այդ կարմիր գիծը»։ Նախատեսվում է օրինագիծն ընդունելուց ու ակադեմիայի կանոնադրությունը հաստատելուց հետո անմիջապես անցկացնել ակադեմիայի անդամների ընտրություններ, որից հետո նոր անցնել ակադեմիայի կառուցվածքային փոփոխություններին ու ղեկավար կազմի ընտրություններին։
«ՀՀ ԳԱԱ ղեկավարությունը, ընդգծելով գիտության կարևորությունը Հայաստանի զարգացման ու առաջընթացի համար, հաշվի առնելով արդեն իսկ կայացած գիտական ավանդույթների պահպանման ու հետագա զարգացման անհրաժեշտությունը և ակադեմիայի առանցքային դերն ու նշանակությունը հանրապետության գիտական և գիտակրթական ընդհանուր համակարգում, իր պատրաստակամությունն է հայտնում շարունակելու իր առաքելությունն ի փառս երկրի գիտական մտքի առաջընթացի, տնտեսության զարգացման ու պաշտպանունակության ամրապնդման»,-եզրափակեց ՀՀ ԳԱԱ նախագահը։