Իրան

Իրանը կշարունակի բանակցություններն ԱՄՆ-ի հետ այնքան ժամանակ, քանի դեռ դրանք կառուցողական է համարում. Էսմայիլ Բաղայի

2 րոպեի ընթերցում

Իրանը կշարունակի բանակցություններն ԱՄՆ-ի հետ այնքան ժամանակ, քանի դեռ դրանք կառուցողական է համարում. Էսմայիլ Բաղայի

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը բանակցություններ կվարի Վաշինգտոնի հետ իր միջուկային ծրագրի շուրջ այնքան ժամանակ, քանի դեռ կարծում է, որ դրանք կառուցողական են և արդյունավետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Բաղայիի խոսքերը։

«Բանակցությունների տևողությունը կախված է դրանց առաջընթացից: Ինչ վերաբերում է մեզ, ապա Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունն այս ճանապարհը սկսել է լիակատար լրջությամբ, և քանի դեռ հավատում ենք, որ բանակցությունները շարունակվում են կառուցողական և արդյունավետ, մենք դրանք կվարենք»,-ասել է իրանցի դիվանագետը։ 

Էսմայիլ Բաղային հավելել է, որ Թեհրանի հիմնական պահանջը մնում է հակաիրանական պատժամիջոցների ամբողջական վերացումը՝ դրանք չվերսկսելու երաշխիքներով։ 

Ավելի վաղ, հաղորդվել էր, որ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկել է Իրանի Իսլամական Հանրապետության և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև բանակցությունների երկրորդ փուլը, որտեղ երկու կողմերը կքննարկեն Թեհրանի քաղաքացիական միջուկային ծրագիրը և այդ երկրի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցումը:

Օմանում՝ ապրիլի 12-ին, տեղի էր ունեցել իրանական և ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլը։ Երկու կողմերի պաշտոնյաները նշել են, որ ապրիլի 12-ի բանակցություններից հետո առաջ տանող ճանապարհ են տեսնում: Տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գոհ է եղել Օմանում կայացած բանակցությունների առաջին փուլից, որն ընթացել էր ըստ պլանի և անուղղակի ձևաչափով։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում