Հարկ վճարելը քաղաքացիական հասունության նշան է. Վարդան Մկրտչյան
2 րոպեի ընթերցում

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի համոզմամբ՝ հարկ վճարելը քաղաքացիական հասունության նշան է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հարկ վճարողի օրվա առթիվ Մկրտչյանն ասել է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում։
«Մենք շատ հաճախ ենք ակնկալում, սպասում, ուզում արդյունք գրանցել, բայց արդյունք ունենալու, ապրելու և ավելի լավ երկիր ունենալու համար յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր ներսում հասկանա իր պարտավորությունը պետության, հասարակության, երկրի զարգացման նկատմամբ։ Որքան նման գիտակցություն ունեցող մարդկանց թիվը մեծ է, այնքան մեծանում է ընդհանրական հաջողության հասնելու հավանականությունը»,- նշել է նա։
Մկրտչյանի խոսքով՝ հարկերի պարտաճանաչ վճարումներն են հավաքական առաջխաղացման գրավականը։ Ընդգծելով թատրոնի և պետության համագործակցության կարևորությունը՝ Մայր թատրոնի տնօրենը նշել է՝ 2019 թվականից սկսած առողջ համագործակցություն են ունեցել պետության, երկրի կառավարության հետ, ինչի արդյունքում թատրոնի տաքացման համակարգն ամբողջությամբ փոխարինվել է ժամանակակից սարքավորումներով։ Խնայողությունների շնորհիվ հիմնանորոգել են նաև սանհանգույցները։
Մկրտչյանը մեծ ձեռքբերում է համարում նաև թատրոնի տանիքի վերանորոգումը։
«Այն տանիքը, որից ջուր էր լցվում ներս, ինչն էլ մեծ վնասներ էր պատճառում, այսօր վերանորոգված է բարձր մակարդակով։ Պետության հետ համագործակցությունը շատ ակտիվ է։ Մենք հասել ենք այն աստիճանի, որ առաջիկայում կանցնենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներդրած ֆինանսական մոդելին, որը մեր թիմի լավ աշխատանքի վկայությունն է»,-նշել է Մկրտչյանն ու ընդգծել՝ ֆինանսական առումով դա թատրոնին զարգանալու, կանխատեսելի ապագա կառուցելու հնարավորություն կտա։
Նա շեշտել է՝ այդ համագործակցությունը պետք է պահպանել. շարունակելու են ակտիվ աշխատել, աճ ապահովել։
Թատրոնի տնօրենը գոհ է նաև թատրոնի ստեղծագործական ընթացքից. տարին գերակտիվ են սկսել և բազմաթիվ ծրագրեր ունեն։