Տնտեսություն

Ինձ համար շատ կարևոր է, որ օպերային թատրոնը մի քանի տարի է խոշոր հարկատուների ցուցակում է. Կարեն Դուրգարյան

2 րոպեի ընթերցում

Ինձ համար շատ կարևոր է, որ օպերային թատրոնը մի քանի տարի է խոշոր հարկատուների ցուցակում է. Կարեն Դուրգարյան

Հարկ վճարողի օրվա կապակցությամբ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը կարևորել է պետական մշակութային կառույցների դերը հարկային դաշտում և ներկայացրել թատրոնի ֆինանսական աճի ընթացքը։

«Ինձ համար շատ կարևոր է, որ օպերային թատրոնը արդեն մի քանի տարի ընդգրկված է խոշոր հարկատուների ցանկում։ Դա ինձ ուրախացնում է, որովհետև մասնավոր բիզնես կառույցները սկսում են քեզ հետ հաշվի նստել և ցանկություն են հայտնում մասնակցել թատրոնի կյանքում, որոշակի ներդրումներ անել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Դուրգարյանը։

Ըստ նրա՝ դա պայմանավորված է ոչ միայն մշակութային ոլորտում տեղի ունեցող դրական տեղաշարժերով, այլ նաև թատրոնի ներսում ձևավորվող նոր մոտեցումներով։

«Մասնավոր հատվածը թատրոնը սկսում է դիտարկել որպես գաղափարախոսություն և բիզնես գործընկեր։ Սա շատ կարևոր է, և այդ առումով Օպերայի թատրոնը միգուցե անում է իր առաջին քայլերը, բայց դրանք արդեն իսկ արդյունավետ են»,-ասել է նա։

Դուրգարյանն ընդգծել է, որ վերջին չորս տարիների ընթացքում թատրոնը անցել է նոր ֆինանսական մոդելի, որի շրջանակում եկամուտները ոչ միայն աճել են, այլ նաև դարձել են ծրագրային կայուն զարգացման հիմք։

«Եթե նախկինում պետությունն ապահովում էր հիմնականում աշխատավարձային ֆոնդ և մեկ բեմադրություն, ապա այսօր թատրոնի ընդհանուր շրջանառությունը հասել է մոտ 3 միլիարդ դրամի, մինչդեռ նախորդում այն կազմել է մոտ 1 միլիարդ 500 միլիոն», – նշել է նա։

Նրա խոսքով՝ նոր մոդելի համաձայն՝ թատրոնի ունեցած եկամուտները հաջորդ տարվա պետական բյուջեով կրկնապատկվում են։

«Մենք արդեն գիտենք, թե 2026-ին և 2027-ին ինչ խաղացանկ ենք ունենալու, որ թատրոնի հետ ենք համագործակցելու, որ ռեժիսորն ու դիրիժորն է գալու։ Այս մոտեցումը մեզ թույլ է տալիս հաստատապես ասել, որ ճիշտ ուղու վրա ենք», – եզրափակել է Կարեն Դուրգարյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում