Լեհաստանի նախագահը խոսել է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջուկային պաշտպանությանը միանալու անհրաժեշտության մասին
1 րոպեի ընթերցում

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ իր երկիրը պետք է ձգտի ընդգրկվել Ֆրանսիայի միջուկային զսպման համակարգում, ինչպես նաև միանալ ԱՄՆ-ի հետ համատեղ միջուկային զենքի օգտագործման ծրագրին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում։
«Ես հավատում եմ, որ մենք կարող ենք երկու որոշում էլ ընդունել։ Դրանք ոչ միայն չեն հակասում միմյանց, այլև չեն բացառում մեկը մյուսին»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ Լեհաստանը պետք է ամրապնդի իր պաշտպանունակությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանում առկա սպառնալիքները։ Դուդան ընդգծել է, որ այս որոշումներն ուղղված են ՆԱՏՕ-ի անվտանգության համակարգի ուժեղացնելուն։
«ՆԱՏՕ-ի հիմնական խնդիրն է հակազդել Ռուսաստանի ագրեսիվ պահվածքին», – հավելել է նա։
Միջուկային զենքի համատեղ օգտագործման ՆԱՏՕ-ի ծրագիրն առկա է մի շարք անդամ երկրների՝ ներառյալ Գերմանիայի, Իտալիայի, Բելգիայի և Նիդեռլանդների համար։ Լեհաստանը նախկինում ևս հայտարարել էր իր հետաքրքրվածության մասին՝ այդ համակարգին ինտեգրվելու ուղղությամբ։