Եմենում զոհերի թիվը հասել է 74-ի, վիրավորներինը՝ 171-ի
3 րոպեի ընթերցում

Եմենի ալ-Հոդեյդայի առողջապահության գրասենյակը հայտնել է, որ Ռաս Իսա նավթային նավահանգստի ուղղությամբ ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 74-ի, իսկ վիրավորներինը՝ 171-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Եմենի մայրաքաղաք Սանայի ալ-Սաբային հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել, որոնք ծածանում են Եմենի և Պաղեստինի դրոշները՝ անհնազանդության ուղերձներ ուղարկելով ԱՄՆ-ին և Իսրայելին:
«Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ «ազատ և անկախ Եմենը հետ չի կանգնի Պաղեստինի ժողովրդին աջակցող գործողությունները շարունակելուց», քանի դեռ Գազայի վրա իսրայելական ագրեսիան չի դադարեցվել, և պաշարումը չի վերացվել:
Հութիները հայտարարել են, որ հակաօդային պաշտպանությունը հաջողությամբ խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքը, երբ վերջինս թիրախավորում էր Սանայի նահանգը։
«Վերջերս ժամանած ԱՄՆ ավիակիրը չի հասցնի անել այն, ինչը չհաջողվեց անել չորս նախորդ ավիակիրներին, - նշվել է հայտարարության մեջ։ - Մենք կրկնակի ռազմական գործողություն իրականացրինք՝ թիրախավորելով ԱՄՆ երկու ավիակիրները՝ «Թրուման»-ը և «Վինսոն»-ը, և նրանց պատկանող ռազմանավերը Կարմիր և Արաբական ծովերում»։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության կողմից հաստատված հարվածներն ամենածանրն էին և ամենամեծ թվով զոհերի պատճառ են դարձել մարտի 15-ին ամերիկյան վարչակազմի մեկնարկած հարձակումների ընթացքում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկյան ավիահարվածները 58 մարդու կյանք են խլել։
ԱՄՆ-ն մարտի 15-ից ի վեր շարունակում է հարձակումներ իրականացնել Եմենի վրա՝ նպատակ ունենալով վերացնել հութիների կողմից Կարմիր ծովում Իսրայելի կամ Իսրայելի հետ առնչվող նավերի վրա դրված շրջափակումը։
2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բռնկված ռազմական գործողություններից հետո հութիները սկսել են տասնյակ հարձակումներ իրականացնել Կարմիր ծովում և Արաբական ծովում իսրայելական կամ Իսրայելի հետ առնչվող նավերի վրա՝ Եմենում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից կիրառելով հրթիռներ և անօդաչու սարքեր՝ հայտարարելով, որ այդ կերպ իրենց աջակցությունն են հայտնում Պաղեստինին: