Spar սուպերմարկետների ցանցը Շվեյցարիայում սկսում է բիթքոյնով վճարումների փորձնական ծրագիր
2 րոպեի ընթերցում

Շվեյցարական Ցուգ քաղաքում Spar սուպերմարկետը սկսում է ընդունել բիթքոյնով վճարումներ՝ կրիպտոարժույթի օգտագործման հնարավոր ընդլայնման նախադեպ ստեղծելով իր միջազգային մանրածախ ցանցում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընկերությունը հայտնել է LinkedIn-ում։
Ցուգի SPAR սուպերմարկետը միացել է BTC Map հարթակին, որը ներկայացնում է բիթքոյն ընդունող ընկերությունների աշխարհագրական ցանցը։ Վճարային համակարգը գործարկվել է OpenCryptoPay նոր գործիքի միջոցով։
Հաճախորդները կարող են վճարել բիթքոյնով Lightning Network ցանցի միջոցով՝ սկանավորելով QR կոդը դրամարկղում։ Շվեյցարական Bitcoin ասոցիացիայի տնօրեն Ռահիմ Թաղիզադեգանը LinkedIn-ում տեսանյութ է հրապարակել, որը ցուցադրում է վճարման գործընթացի մատչելիությունը SPAR-ում։
Եթե Ցուգում իրականացվող փորձնական ծրագիրը հաջողությամբ հաստատվի, SPAR-ը նախատեսում է բիթքոյնով վճարումների գործարկումը տարածել ամբողջ Շվեյցարիայում, իսկ ապագայում՝ նաև իր միջազգային ցանցում։
SPAR-ը գործունեություն է իրականացնում 48 երկրներում՝ շուրջ 13,900 խանութով, սպասարկելով օրական 14.7 միլիոն գնորդ և ունենալով 450 հազար աշխատակից ամբողջ աշխարհում։ Բիթքոյնով վճարումների լայն կիրառությունը այս ցանցում կարող է լուրջ առաջխաղացում ապահովել կրիպտոարժույթների համաշխարհային օգտագործման գործում։