Վեդիի ջրամբարում արդեն 1.6 միլիոն խմ ջուր կա
1 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ կառուցված Վեդիի ջրամբարի առաջին ջրալցման փուլում արդեն ամբարվել է 1.6 միլիոն խորանարդ մետր ջուր։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՏԶՀ-ի տարածած հաղորդագրությունից, Վեդի և Խոսրով գետերից խողովակներով ջրի տեղափոխման գործընթացն անցել է բարեհաջող։
«Ջրամբարում կամբարվի 29.3 մլն խորանարդ մետր ջուր, որով հնարավոր կլինի ինքնահոս եղանակով ոռոգել 3220 հեկտար հողատարածք։
Արդեն շահագործման է պատրաստ նաև 580 հեկտարի ներտնտեսային ոռոգման ցանցը։
Ջրամբարի կառուցման արժեքը կազմել է 60 միլիոն եվրո։
Բացի ջրամբարի ծախսից ևս 30 միլիոն եվրո ծախսվել է Վեդի և Խոսրով գետերի վրա ջրընդունիչ հանգույցների, ջրի փոխադրման և ոռոգման համակարգի համար։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 90 միլիոն եվրո, որը հատկացրել են ՀՀ կառավարությունը և Ֆրանսիական զարգացման գործակալությունը»,-նշված է ՀՏԶՀ-ի հաղորդագրության մեջ։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ կառուցված Վեդիի ջրամբարը, որը ՀՀ անկախության տարիներին կառուցված առայժմ միակ նման կառույցն է, այս օրերին առաջին անգամ ջրալցվում է: