5 րոպեի ընթերցում
Անվադողերը վերամշակել ու ստանալ վառելանյութ, պլաստիկից ստանալ քիմական նյութեր, կախիչ, դույլ, տոպրակներ և այլն։ Բնապահպանական ու հանրային առողջության խնդիրներից խուսափելու կամ դրանց ռիսկերը նվազեցնելու համար խրախուսվում է թափոնների ճիշտ կառավարումը, այն է՝ հնարավորինս կրճատել դրանց ծավալները, վերամշակել, ինչու ոչ, տնտեսական օգուտներ ստանալ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում, որը կազմակերպվել էր Թափոնների վերամշակման միջազգային օրվա առթիվ, Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար, շրջանաձև տնտեսության փորձագետ Հարություն Ալպետյանը նշեց, որ միջազգային վերլուծության համաձայն՝ ամեն 10 հազար տոննա աղբի վերամշակման դեպքում 10-15 աշխատատեղ է ավելանում։
«Հայաստանում տարեկան 700 հազար տոննա կոշտ կենցաղային թափոն է գոյանում, իսկ դա նշանակում է, որ մենք խոսում ենք 700-1000 աշխատատեղերի մասին, եթե թափոնները չգնան աղբավայր ու վերամշակվեն։ Ստվերային գործունեությունն էլ ֆորմալացնելուց հետո հնարավոր կլինի նաև պետական եկամուտների ավելացման մասին խոսել»,-ասաց Հարություն Ալպետյանը։
Հայաստանում թափոնների վերամշակման գործընթացի ծավալներն ավելացնելու համար պետք է անհրաժեշտ քանակի հումք, որը չկա։ Դրա համար անհրաժեշտ է նախ դրանք ճիշտ տեսակավորել։ Ձևավորված թափոնի մի հատվածը գնում է վերամշակման ու դրանց մեծ մասը աղբանոցներից են հավաքվում։ Այսինքն՝ արդեն տեսակավորված խմբաքանակը բավականին քիչ է։ Հայաստանի վերամշակողների միության նախագահ Վահան Ղարիբյանի խոսքով՝ վերամշակման ոլորտում առկա խնդիրները բազմաթիվ են՝ հումք, լոգիստիկա, հարկային հարցեր և այլն։
«Գոյություն ունի սև շուկա, որը դուրս է մեր տիրույթից ու ոչ ոքի կողմից չի վերահսկվում։ Շատ ժամանակ դրանք ոլորտում խնդիրներ են առաջացնում։ Բոլոր տեսակի թափոնների շարժը պետք է վերահսկելի լինի ու թափանցիկ։ Մենք նոր ենք ստեղծել մեր միությունը, որպեսզի մեկտեղենք վերամշակողների ջանքերն ու կարողանանք մեկ հարթակից բարձրաձայնել ոլորտի խնդիրների մասին»,-ասաց Վահան Ղարիբյանը։
Ոլորտի մասնագետներն աղբի տեսակավորման գործընթացում շատ են կարևորում քաղաքացիների ակտիվությունը։ Յուրաքանչյուր քաղաքացի մեծ անելիք ունի այս հարցում ու պետք է գիտակցի, որ հատկապես վտանգավոր թափոնների վերամշակման գործում ներդրում ունենալու միջոցով նպաստում է հանրային առողջության ռիսկերի նվազեցմանը։
«Վեգա» ընկերությունը Հայաստանում միակ լիցենզավորված կազմակերպությունն է, որն իրականացնում է վտանգավոր թափոնների՝ մարտկոցների, կուտակիչների հավաքագրում։ «Վեգա» ընկերության զարգացման տնօրեն Արթուր Չոբանյանը նշեց, որ կենցաղային տեխնիկայի թռիչքային զարգացումը բերում է նրան, որ մարտկոցների մասնաբաժինը կտրուկ շատանում է։
«Մարտկոցները մեր կենցաղի անբաժանելի մասն են կազմում։ Ու դրանց ծավալների ավելացումը չի կարող չանդրադառնալ բնակչության առողջության վրա։ Վտանգավոր թափոնները հայտնվում են աղբավայրում, այնտեղ քայքայվում են ու վտանգավոր նյութերը ներծծվում են հողի ու ստորգետնյա ջրերի մեջ։ Վաղ թե ուշ մարտկոցների մնացորդները վարունգի կամ լոլիկի տեսքով հայտվում են մեր սեղանին»,-ասաց Արթուր Չոբանյանը։
«Վեգա» ընկերությունը, լիցենզիա ստանալով, փորձում է այդ վտանգը նվազեցնել։ Ընկերության խանութների ցանցում առանձնացված են տարաներ, որտեղ հավաքագրում են մարտկոցները։ Դրանք վերամշակելու համար անհրաժեշտ են որոշակի ծավալներ, իսկ դրանք դեռ հեռու են նախընտրելի քանակից։ Պետք է հավաքել մի քանի տոննա։ Շատ կարևոր է քաղաքացիների իրազեկվածությունը։ Կոչ է արվում մարտկոցներն աղբաման չնետել ու տնային պայմաններում որոշակի քանակ հավաքել ու հանձնել «Վեգա» ընկերությանը։