Մշակույթ

Կայացել է Լովել Լիբերմանի Ալտ սաքսոֆոնի կոնցերտի համաշխարհային պրեմիերան

2 րոպեի ընթերցում

Կայացել է Լովել Լիբերմանի Ալտ սաքսոֆոնի կոնցերտի համաշխարհային պրեմիերան

Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնի շրջանակում տեղի է ունեցել ամերիկացի կոմպոզիտոր Լովել Լիբերմանի Ալտ սաքսոֆոնի կոնցերտի համաշխարհային պրեմիերան՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհում մեծ ճանաչում վայելող սաքսոֆոնահար Քեննեթ Ցեի կատարմամբ։ 

«2020 թվականին Երուսաղեմում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ու նրա ղեկավար Սերգեյ Սմբատյանի հետ հանդիպելուց հետո շատ ցանկանում էր աշխատել այս հիանալի երաժիշտների հետ։ Եվ վերջապես ունեցա այդ հնարավորությունը Պենդերեցկու անունը կրող փառատոնի շրջանակում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քեննեթ Ցենի խոսքերն է մեջբերված Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տարածած հաղորդագրության մեջ:  

Քեննեթ Ցենի բնորոշմամբ՝ Լիբերմանի Ալտ սաքսոֆոնի կոնցերտը ցնցող ստեղծագործություն է՝ նոր ռոմանտիկ ոճում, ճախրող մեղեդիներով և էպիկական վիրտուոզությամբ։ Սաքսոֆոնահարը նշում է, որ հայկական երաժշտությանը ծանոթ է, ասում է՝ անգամ փոքր տարիքում, երբ սովորում էր սաքսոֆոն նվագել, կատարել է հայկական երաժշտություն։ Ի դեպ, համերգի ընթացքում Քեննեթ Ցեն որպես բիս կատարեց Կոմիտասի «Կռունկը» և «Կաքավիկը»։

Համերգային երեկոյի ընթացքում հնչել են նաև Քշիշտոֆ Պենդերեցկու Ադաջետտոն «Կորուսյալ դրախտ» օպերայից, Ալեքսիս Ալրիխի «Զանգի և թմբուկի աշտարակ» պեկինյան տպավորություններ ստեղծագործությունը և Ֆրանսիս Պուլենկի «Սինֆոնիետան» սիմֆոնիկ նվագախմբի համար։ Երեկոն ղեկավարում էր դիրիժոր Բարբարա Դրագանը։ 

Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության փառատոնն այս տարի իրականացվում է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության աջակցությամբ։

Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության փառատոնի առաքելությունն է հայ երաժշտասերներին հաղորդակից դարձնել համաշխարհային ժամանակակից դասական երաժշտությանը, ծանոթացնել աշխարհի տարբեր ծայրերում ստեղծագործող մերօրյա կոմպոզիտորների հետ, ինչպես նաև վառ պահել Քշիշտոֆ Պենդերեցկու անունը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում