Ռուսաստան

Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Ուկրաինայի զինված ուժերը մարտի 16-ի երեկոյից մինչև մարտի 17-ի առավոտն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի վրա են արձակել տասնյակ անօդաչու թռչող սարքեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 72 ԱԹՍ կալանելու և ոչնչացնելու մասին։

ԱԹՍ-ներ են արձակվել Աստրախանի, Կալմիկիայի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Ռոստովի մարզերի և Կրասնոդարի երկրամասի վրա։ 

Բացի այդ, ըստ Բելգորոդի նահանգապետի՝ ուկրաինական ուժերը վերջին մեկ օրվա ընթացքում հարվածներ են հասցրել Բելգորոդի մարզի 7 շրջանների ուղղությամբ՝ կիրառելով 57 անօդաչու թռչող սարք և 33 զինամթերք։ Մեկ մարդ վիրավորվել է բեռնատարին հասցված հարվածի հետևանքով։

Աստրախանի նահանգապետ Իգոր Բաբուշկինը մարտի 17-ի առավոտյան Telegram-ում հայտնել է, որ «անօդաչուների զանգվածային գրոհ» է տեղի ունեցել տարածաշրջանում տեղակայված օբյեկտների, այդ թվում՝ վառելիքաէներգետիկ համալիրի վրա»: Ըստ պաշտոնյայի՝ անօդաչուների բեկորների ընկնելու հետևանքով բռնկում է տեղի ունեցել, մեկ մարդ վիրավորվել է։

Իսկ Ուկրաինայի Սումիի մարզում, ինչպես հայտնել են տեղի իշխանությունները, մարտի 16-ին ռուսական հարվածներից զոհվել է մեկ մարդ, երկուսը վիրավորվել են։

«Օրվա ընթացքում ռուսները 114 գնդակոծություն են իրականացրել Սումիի մարզի սահմանամերձ շրջանների և բնակավայրերի վրա։ Գրանցվել է 157 պայթյուն», - ասվում է հաղորդագրության մեջ։

Կիևի իշխանություններն էլ հայտնել են, որ գիշերը ՀՕՊ համակարգերը հետ են մղել ռուսական ԱԹՍ-ների հերթական հարձակումը Կիևի մարզի վրա։ Կիևի մարզում, ինչպես նաև Չեռնիգովի, Սումիի, Չերկասիի, Պոլտավայի, Կիրովոգրադի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի մարզերում օդային տագնապի ազդանշաններ են հնչել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում