Պարոնյանի անվան թատրոնը Գավառում ներկայացրել է «Կնոջս անունը Մորիս է» կատակերգությունը
2 րոպեի ընթերցում

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդիսատեսի դատին է հանձնել «Կնոջս անունը Մորիս է» կատակերգությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարոնյանցիները Գավառ են մեկնել «Թատերական երկամսյակ» ծրագրի շրջանակում։
Հանրահայտ ֆրանսահայ դրամատուրգ Րաֆֆի Շարթի կատակերգությունը պատմում է հարուստ փարիզեցու՝ Ժորժի մասին, որը շփոթվում է սիրախաղի բարդության մեջ։ Նրա սիրուհին ցանկանում է ամուսնանալ նրա հետ, բայց նա չի պատրաստվում բաժանվել իր կնոջից, որը նրա հարստության աղբյուրն է։ Երբ սիրուհին սպառնում է բացահայտել ամեն ինչ Ժորժի կնոջը։
Թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի բեմադրությունն առաջին րոպեներից գրավել է հանդիսատեսի ուշադրությունը։ Հետաքրքիր երկխոսությունները, անսպասելի սյուժետային շրջադարձերը և անկեղծ դերասանական խաղը յուրահատուկ մթնոլորտ են ստեղծել բեմում: Ներկայացումն ընդունվել է բուռն ծափահարություններով, և հանդիսատեսը երկար ժամանակ դերասաններին թույլ չի տվել հեռանալ բեմից։
Ներկայացման մեջ զբաղված են Իշխան Ղարիբյանը, Սամվել Դանիելյանը, Հասմիկ Գևորգյանը, Արթուր Պետրոսյանը, Լարիսա Ղևոնդյանը, Տիգրան Նահապետյանը։
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գեղարքունիքի մարզում արդեն երրորդ տարին է, ինչ անցկացվում է «Թատերական երկամյսակ» ծրագիրը: Այս տարի թատերական երկամսյակի մեկնարկը տրվել է մարտի 8-ին և նվիրվել Կանանց միջազգային օրվան։ Ծրագրի շրջանակում Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում իրենց լավագույն ներկայացումներով հանդես կգան ՀՀ մայրաքաղաքի և մարզային մի շարք թատրոններ։