Քաջարանի արվեստի դպրոցի երեխաները 150 տարեկան ստեղծագործություն են բեմադրել
2 րոպեի ընթերցում

Քաջարանի արվեստի դպրոցի երեխաները բեմ են բարձրացրել հայ դասական դրամատուրգիայի լավագույն ստեղծագործություններից մեկը՝ Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»-ը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դպրոցի թատերարվեստի բաժնի ուսուցիչ, բեմադրիչ Արթուր Գաբրիելյանի խոսքով՝ ներկայացումը բեմադրում են չորրորդ անգամ։
«Մենք մտածեցինք, թե ինչ նոր մոտեցմամբ պիտի մատուցենք այն։ 21-րդ դարում հանդիսատեսի դատին 150 տարեկան ստեղծագործություն հանձնելն այնքան էլ հեշտ չէ։ Ցավոք, պարոնյանական այն գաղափարը, որ դրվել է ներկայացման հիքում, դեռ արդիական է, և մենք գտանք ձևը։ Երեխաները կարողացան հրաշալի կատարել իրենց առջև դրված խնդիրը»,-ասում է Գաբրիելյանը։
Դպրոցի 6 և 7-րդ դասարանի երեխաներն են բեմադրել ներկայացումը։ Գաբրիելյանը հիշեցնում է, որ «Մեծապատիվ մուրացկաններ»-ը բազմիցս ներկայացվել է թատրոններում։ Այդ ստեղծագործությանն են անդրադարձել այնպիսի նշանավոր ռեժիսորներ, ինչպիսիք են Վարդան Աճեմյանը, Արմեն Գուլակյանը, այլք։
Քաջարանի արվեստի դպրոցի թատերական խումբը շրջել է աշխարհով մեկ, հանդես եկել միջազգային տարբեր բեմերում, արժանացել բազմաթիվ մրցանակների։ 2022-ին Բուլղարիայի Վառնա քաղաքում մասնակցել է միջազգային փառատոնի, զբաղեցրել առաջին տեղը։ Երևանում տեղի ունեցած հանրապետական մրցույթ-փառատոնին ևս մասնակցել է ու կրկին զբաղեցրել առաջին տեղը։ 2024-ին դերասանական խումբը հյուրախաղերով եղել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում։