Մերձավոր Արևելք

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատել ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պատանդին և հանձնել 4 պատանդների մարմինները

3 րոպեի ընթերցում

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատել ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պատանդին և հանձնել 4 պատանդների մարմինները

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ մարտի 13-ին միջնորդներից առաջարկ է ստացել վերսկսել բանակցությունները և համաձայնել է ազատ արձակել ԱՄՆ քաղաքացիություն ունեցող իսրայելցի զինվոր Այդան Ալեքսանդրին և հանձնել երկքաղաքացիություն ունեցող չորս մահացած պատանդների մարմինները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։ 

Շարժումը նաև իր լիակատար պատրաստակամությունն է հայտնել հրադադարի երկրորդ փուլի հարցերի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ՝ կոչ անելով պարտավորեցնել իսրայելական կողմին ամբողջությամբ կատարել հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։

Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը ողջունել էր ցանկացած առաջարկ, որը կարող է մղել Իսրայելի հետ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի իրագործմանը։ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Հոսամ Բադրանն իր հայտարարության մեջ նշել է, որ շարժումը վճռական է՝ իրագործելու հրադադարի համաձայնագիրը իր երեք տարբեր փուլերով։

Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի խոսնակ Հազեմ Քասեմն ընդգծել էր, որ շարժումը չի ցանկանում նորից վերադառնալ պատերազմի, բայց այլ ելք չունի, քան պաշտպանել Պաղեստինի ժողովրդին, եթե Իսրայելը վերսկսի իր ագրեսիան Գազայի դեմ։

ՀԱՄԱՍ-ը նաև հայտնել է, որ շարժման ղեկավարության և «Իսլամական ջիհադ»-ի պաշտոնյաները Դոհայում հանդիպման ժամանակ քննարկել են հրադադարի համաձայնագրի իրագործումը, իսրայելական ուժերի կողմից դրա «շարունակական խախտումները» և վերջին օրերի ընթացքում տեղի ունեցած հանդիպումները բանակցությունները վերսկսելու վերաբերյալ։

Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ Իսրայելն առաջարկել է երկարաձգել հրադադարը 50 օրով՝ ՀԱՄԱՍ-ի կողմից Գազայում պահվող ողջ մնացած պատանդների և մահացած պատանդների մարմինների մի մասի վերադարձի դիմաց։

Ամերիկյան Axios լրատվական հարթակի տեղեկացմամբ՝ ԱՄՆ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆն օրերս Դոհայում բանակցությունների ժամանակ ներկայացրել է ԱՄՆ նորացված առաջարկը՝ Գազայում հրադադարի համաձայնագիրը քսան օրով երկարացնելու և մարդասիրական օգնությունը վերսկսելու վերաբերյալ՝ ՀԱՄԱՍ-ի կողմից մի շարք պատանդների ազատ արձակման և մահացածների մարմինների վերադարձի դիմաց։

Ուիթքոֆի առաջարկը ներառում է հրադադարի երկարաձգման ընթացքում պարենային օգնության մուտքը Գազայի հատված։ Axios-ը նաև նշում է, որ Իսրայելը դրական է արձագանքել Ուիթքոֆի առաջարկին։ 

Իսրայելական Maariv թերթի կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ իսրայելցիների մեծամասնությունը պաշտպանում է Գազայի դեմ պատերազմը դադարեցնելու և անկլավից դուրս գալու դիմաց բոլոր պատանդներին միանգամից վերադարձնելու տարբերակը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում