2018 թվականից ի վեր ՀՀ իշանությունները մրցակցային միջավայրի բարելավման ուղղությամբ քաղաքական կամք են դրսևորել. Բաբկեն Թունյան
5 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, պատգամավոր Բաբկեն Թունյանի խոսքով՝ մինչև 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը Հայաստանում ամենամեծ խնդիրներից մեկը կապված է եղել մրցակցային միջավայրի հետ, եւ հեղափոխությունից հետո հասարակության գլխավոր ակնկալիքը եղել է մրցակցային միջավայրի բարելավումն, ինչի ուղղությամբ էլ երկրի նոր իշխանությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քաղաքական կամք են ցուցաբերել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թունյանն այս մասին հայտարարեց Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ։
Պատգամավորը կարծիք հայտնեց, որ միջոցառման թեման իսկապես շատ կարեւոր է եւ դժվար է տարանջատել մրցակցությունը եւ սպառողների շահերը, որովհետեւ դրանք շատ փոխկապակցված են եւ մեկը մյուսին փոխլրացնող։ Նրա դիտրակմամբ՝ եթե առկա է առողջ ու արդար մրցակցություն, ապա դրա ամենամեծ շահողը, որակի և գնի տեսանկյունից, հենց սպառողն է։
«Վերջին տարիներին այս առումով բավականին մեծ աշխատանք է իրականացվել։ Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ մինչեւ հեղափոխությունը Հայաստանում ամենամեծ խնդիրներից մեկը կապված էր մրցակցային միջավայրի հետ, եւ հեղափոխությունից հետո հասարակության գլխավոր ակնկալիքը հենց մրցակցային միջավայրի բարելավումն էր։ Այստեղ, իհարկե, առաջին հերթին քաղաքական կամք էր պետք, որը նոր իշխանությունները՝ վարչապետի գլխավորությամբ, ցուցաբերեցին, բայց միայն դա բավարար չէր, ինստիտուցիոնալ լուծումներ էլ էին պետք, ու այս ընթացքում մենք բավականին ակտիվ ու արդյունավետ աշխատել ենք այդ ուղղությամբ»,-ասաց Թունյանը։
Նա հավելեց, որ թե՛ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, թե՛ տեսչական մարմինների գրասենյակների եւ մյուս պետական կառույցների հետ համատեղ լավարկել են օրենսդրությունը, ավելացվել են հնարավորություններն այս ոլորտում։
«Բնականաբար, դեռ կան անելիքներ, եւ այժմ այդ ճանապարհին եւս մեկ կարեւոր քայլ ենք կատարում` ներդնելով սպառողների պաշտպանության կենտրոնական համակարգը։ Ուրախ եմ, որ Ազգային ժողովի մեր գործընկերները եւ ես նույնպես անմասն չենք այս գործընթացին, որովհետեւ, ի վերջո, օրենքը պիտի Ազգային ժողովում ընդունվի: Արդեն իսկ բավական քննարկումներ ունեցել ենք մեր գործընկերների հետ»,-նշեց Բաբկեն Թունյանը։
Պատգամավորը նաև համոզմունք հայտնեց, որ նոր հարթակը թույլ կտա շատ ավելի արագ ու արդյունավետ արձագանքել բոլոր խնդիրներին։
«Մրցակցության հանձնաժողովն, ըստ էության, բավականին ծանր ու պատասխանատու աշխատանքի տակ է մտնում. եթե պատկերավոր ասեմ՝ հանձնաժողովի կողմից ստեղծվում է «բողոքի գիրք» բոլոր սպառողների համար, և հանձնաժողովը զբաղվելու է բողոքի գրքում տեղ գտած բոլոր խնդիրներով: Որոշ դեպքերում այդ աշխատանքը նաեւ անշնորհակալ է լինելու, բայց շատ կարեւոր է: Ցավոք սրտի, մեր քաղաքացիներից շատերը չգիտեն՝ իրենց բողոքների դեպքում որ պետական մարմնին դիմել, և խնդիրները մեծ մասամբ կարող են հասցեագրել վարչապետի գրասենյակ, Կառավարություն, Ազգային ժողով՝ այդկերպ ծանրաբեռնելով աշխատաննքն ու հետաձգելով խնդիրների լուծումը»,-ընդգծեց պատգամավորը։
Նրա դիտարկմամբ՝ սպառողների պաշտպանության կենտրոնական համակարգի ստեղծումը կարևոր է, որովհետեւ վերահսկողության առումով սա վերջապես կարող է թույլ տալ ունենալ ամբողջական եւ ամփոփ պատկեր համաքաղաքացիների բողոքների, դրանց բնույթի, ինչպես նաեւ դրանց լուծման արդյունավետության ու արագության մասին։
«Լիահույս եմ, որ արդյունքները շատ շուտով տեսանելի կլինեն եւ հաջողություն եմ մաղթում բոլորիս այս կարեւոր նախաձեռնության հաջող իրականացման համար»,-եզրափակեց Բաբկեն Թունյանը։
Միջոցառման մասնակիցներին ցուցադրվեց նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից ստեղծված համակարգի մասին տեսանյութ, որտեղ բնութագրվում է, թե ինչպես սպառողը կարող է այդ համակարգի միջոցով ուղղորդել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին և տեսնել իր խնդրի լուծման բանաձևը։