Տնտեսություն

Սպառողը ոչ միայն սոցիալական, այլև տնտեսական կայունության և զարգացման հիմքում է․ ՄՊՀ նախագահ

3 րոպեի ընթերցում

Սպառողը ոչ միայն սոցիալական, այլև տնտեսական կայունության և զարգացման հիմքում է․ ՄՊՀ նախագահ

Յուրաքանչյուր պետություն, հանրային իշխանություն կրող, տնտեսվարող պետք է գիտակցի, որ սպառողը ոչ միայն սոցիալական, այլ նաև տնտեսական կայունության և զարգացման հիմքում է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառման ընթացքում ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ 

Նրա խոսքով՝ Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը լավ առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու համար վճռականությունը` լավարկելու սպառողների պաշտպանության համակարգը Հայաստանի Հանրապետությունում։

«Սպառողը այսօրվա շուկայի առանցքում է, նրանից է կախված տնտեսության զարգացումը, ապրանքների և ծառայությունների որակի բարձրացումը, արդար տնտեսական մրցակցությունը։ Հետևաբար, յուրաքանչյուր պետություն, հանրային իշխանություն կրող, տնտեսվարող պետք է գիտակցի, որ սպառողը ոչ միայն սոցիալական, այլ նաև տնտեսական կայունության և զարգացման հիմքում է»,-ընդգծեց Գեղամ Գևորգյանը։ 

Նրա դիտարկմամբ՝ ՀՀ-ում վերջին տարիներին տեղի են ունեցել էական փոփոխություններ ու բարեփոխումներ, որոնք միտված են ուղղել սպառողների իրավունքների պաշտպանության մեխանիզմների օրենսդրական ապահովմանը։ 

«Որպես հանրային իշխանության կրողներ՝ մենք պարտավոր ենք ապահովել, որ այդ փոփոխությունները լինեն ոչ միայն իրավական ակտերում, այլ նաև իրականության մեջ։ Իրական Հայաստանում սպառողի իրավունքները ոչ թե մեզանից հեռու գտնվող ինչ-որ երևույթներ են, այլ հիմա, հենց այստեղ մեզանից յուրաքանչյուրին ընձեռված հնարավորությունն է՝ մեր ընտրությամբ ձևավորելու երջանկության մեր բանալին և ապահովելու մեր երկրի զարգացման տրամաբանությունը»,-նշեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը։ 

Նա հավելեց, որ սպառողը վաղուց դադարել է լինել տնտեսության պասիվ մասնակից, սպառողն այսօր շուկայի առանցքում է և օժտված է իրավունքներով։ 

«Մեզանից յուրաքանչյուրը քաջ գիտակցում է, որ ունենալով գիտակցված սպառում և հավասար մրցակցություն՝ կունենա տնտեսական զարգացման բանալին»,-ասաց Գեղամ Գևորգյանը։ 

Միջոցառման մասնակիցներին ցուցադրվեց նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից ստեղծված համակարգի մասին տեսանյութ, որտեղ բնութագրվում է, թե ինչպես սպառողը կարող է այդ համակարգի միջոցով ուղղորդել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին և տեսնել իր խնդրի լուծման բանաձևը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում