Նեապոլի բնակիչները երկրաշարժի պատճառով գիշերն անցկացրել են դրսում
1 րոպեի ընթերցում

Իտալիայի Նեապոլ քաղաքի և դրա մերձակայքի բնակիչները գիշերն անցկացրել են փողոցում և իրենց մեքենաներում այն բանից հետո, երբ երկրաշարժը ցնցել է շենքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Իտալիայի սեյսմոլոգների գնահատմամբ՝ մարտի 13-ի գիշերը, տեղական ժամանակով 1։25-ին մերձափնյա Պոցուոլիի և Բանյոլիի միջև գրանցված երկրաշարժի մագնիտուդը կազմել է 4,4, երկրաշարժի օջախն ընկած է եղել 3 կմ խորության վրա։
Երկրաշարժը զգացվել է նաև Կամպանիայի նահանգի մի շարք շրջաններում։ Բանյոլիում մեկ կնոջ են հանել մասնակի փլուզված տան փլատակներից։
Նեապոլի մի մասում էլեկտրամատակարարման խափանումներ են եղել։ Մարդիկ դուրս են եկել տներից և հավաքվել Նեապոլի փողոցներում՝ վախենալով հետցնցումներից։ Քաղաքում երկրաշարժի հետևանքով վնասվել են եկեղեցու զանգակատունը և մի քանի մեքենա։
Մարտի 13-ին դպրոցները փակ են, քանի որ մասնագետները պետք է ստուգեն շենքերի ամրությունը։