Գիտություն

Օրբելու անվան ինստիտուտում մշակվող հիպերսպեկտրալ անալիզի ներդրումը նոր հնարավորություններ կընձեռի հայ բժիշկներին

6 րոպեի ընթերցում

Օրբելու անվան ինստիտուտում մշակվող հիպերսպեկտրալ անալիզի ներդրումը նոր հնարավորություններ կընձեռի հայ բժիշկներին

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում ներկայում իրականացվող գիտական մշակումներից մեկը կարող է բեկումնային ազդեցություն ունենալ Հայաստանում բժշկության ոլորտում: Խոսքը վիրահատության որոշ տեսակներում կենսաֆիզիկական կենսապատկերավորման մեթոդների (հիպերսպեկտրալ անալիզի) ներդրման մասին է, որը բժիշկներին հնարավորություն կտա վիրահատական միջամտության ընթացքում հատուկ մոնիտորի վրա տեսնել ախտահարված ամբողջ հատվածը, ինչն ավելի արդյունավետ կդարձնի նրանց գործողությունները: 

Հայաստանում այս մեթոդի ներդրմամբ զբաղվում է նշված գիտական կենտրոնի համապատասխան լաբորատորիան, որը հիմնել և ղեկավարում է հյուսվածքաբան, սրտանոթային ֆիզիոլոգիայի պրոֆեսոր, ԱՄՆ-ի «Ջորջ Վաշինգթոն» համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Նարինե Սարվազյանը:



ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պարգևատրում է ԱՄՆ-ի «Ջորջ Վաշինգթոն» համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Նարինե Սարվազյանին

Ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Նաիրա Այվազյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց, որ լաբորատորիան շատ մոտ է աշխատանքների հաջող ավարտին:  

«Այս մեթոդն արդեն կիրառվում է արտասահմանում, բայց Հայաստանում դեռևս փորձարկման փուլում է: Ներդրման համար պահանջվելու են նաև օրենսդրական փոփոխություններ: Բաց վիրահատությունների ժամանակ այն արդեն կիրառվում է: Մեր լաբորատորիան մշակում է նոր մեթոդ, որը թույլ կտա հիպերսպեկտրալ անալիզը օպտիկամանրաթելի միջոցով կիրառել ներքին օրգանների ոչ բաց (լապորասկոպիկ) վիրահատություններում: Դա կարող է կիրառվել, օրինակ, սրտի փականը փոխելու ժամանակ կամ սրտի մի շարք պաթոլոգիաների դեպքում, երբ այրում են համապատասխան հատվածը: Հիմա դա սովորաբար կատարվում է առանց տեսողական միջոցների կիրառման. ռադիոհաճախականության միջոցով են որոշում հիպերակտիվ տեղամասը և մեկուսացնում այն: Ցավոք, այդ մեթոդն այնքան էլ արդյունավետ չէ. նման վիրահատություններից հետո պաթոլոգիան հաճախ կրկնվում է, որովհետև բժիշկները դժվարանում են տեսնել մեկուսացվող հատվածի ախտահարվածության աստիճանը: Իսկ հիպերսպեկտրալ անալիզը թույլ կտա մոնիտորի վրա ամբողջությամբ տեսնել ախտահարված հատվածը և ավելի արդյունավետ կդարձնի նման վիրահատությունները»,- ներկայացրեց Նաիրա Այվազյանը: 

Կենսապատկերավորման մեթոդները լայնորեն տարածված են ժամանակակից բժշկությունում: Լինելով գիտական մտքի առաջադեմ արդյունք, դրանք, այդուհանդերձ, հաճախ բավականին բարդ են բժշկության ոլորտում կիրառման համար: Այնուամենայնիվ, կենսապատկերավորման մեթոդներն աշխարհում ավելի լայնորեն են կիրառվում հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով: Այդ առումով Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի սարքավորումները (այդ թվում՝ Հայաստանում եզակի) կարող են օգտակար լինել նաև բժիշկների աշխատանքում:

«Հայաստանի մի քանի բժշկական կենտրոններից արդեն ստացել ենք համագործակցության բավականին հետաքրքիր առաջարկներ: Որոշ դեպքերում այլևս կարիք չկա դիմելու արտասահմանյան հաստատությունների: Գրանտային ծրագրի շրջանակում ձեռք ենք բերել կոնֆոկալ մանրադիտման բարձրակարգ սարք (լազերային սկանավորող մանրադիտակ), որը դասական լուսային մանրադիտակի համեմատ ունի ավելի մեծ կոնտրաստ ու որակյալ պատկեր է ապահովում՝ հնարավորություն տալով ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել հյուսվածքները:

Ունենք նաև ատոմային ուժային մանրադիտակ, որը թույլ է տալիս սովորական լուսային մանրադիտակներից մոտ հազարապատիկ ավելի լավ որակով դիտել 1 նանոմետրից փոքր օբյեկտները, այդ թվում՝ մոլեկուլյար մակարդակով: Այն, ի դեպ, եզակի է Հայաստանում և իր չափանիշներով համարժեք է սկանավորող էլեկտրոնային մանրադիտակին:  

Մեր ինստիտուտում առկա են նաև հիպերսպեկտրալ անալիզի երեք սարքեր, որոնք կատարում են մակրո և միկրոտեսագրություն: Իսկ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի միջոցով ստացել ենք էլեկտրոնային թափանցող մանրադիտակ, որը գիտության ոլորտում միակն է Հայաստանում: Դրա մեկ այլ տարատեսակ ունեն ֆիզիկոսները: Դա շատ բարդ սարք է, որն ապահովում է մոլեկուլյար մակարդակի տեսանելիություն»,- ինստիտուտում ճանաչողական շրջայցի ընթացքում հայտնեց տնօրենը: 

Ժամանակակից գիտության և տեխնոլոգիաների այս գլուխգործոցները նաև բավականին «քմահաճ» են՝ պահանջում են համապատասխան աշխատանքային պայմանների առկայություն, որոնք ինստիտուտը հնարավորության սահմաններում փորձում է ապահովել, սակայն որոշ խնդիրներ անհնար է լուծել միայն մեծ ցանկությամբ: Դրանց լուծումը պահանջում է ավելի ընդգրկուն աջակցություն: Օրինակ, հյուսվածքային ստրուկտուրաների հետ աշխատանքի համար անհրաժեշտ է ապահովել առավելագույնս ստերիլ միջավայր: Որոշ սարքավորումների համար էլ պահանջվում են հակավիբրացիոն պայմաններ: Նաիրա Այվազյանը նշեց, որ ինստիտուտը փորձում է որոշ խնդիրներ լուծել գրանտային ծրագրերի վերադիր ծախսերով, բայց նման հնարավորություններ հազվադեպ են ընձեռվում: Իսկ կապիտալ վերանորոգման հնարավորություն ինստիտուտին հատկացված բյուջեով նախատեսված չէ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում