Հայաստան

«Զվարթնոց» օդանավակայանում բացվեց «Արի Կապան, ինքնաթիռով» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդես

3 րոպեի ընթերցում

«Զվարթնոց» օդանավակայանում բացվեց «Արի Կապան, ինքնաթիռով» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդես

«Զվարթնոց» օդանավակայանի սրահում փետրվարի 19-ին բացվեց լուսանկարիչ Նարեկ Արշակյանի «Արի Կապան, ինքնաթիռով» խորագրով ցուցահանդեսը, որը ներկայացնում է Կապանի կոլորիտային բնակիչների լուսանկարներ։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ լուսանկարների հեղինակ Նարեկ Արշակյանը պարզաբանեց, որ ցուցահանդեսը «Զվարթնոց» օդանավակայանում բացելու նպատակն օտարերկրացի հյուրերին Կապանը ներկայացնելն է, որպեսզի այն գրավիչ վայր դառնա զբոսաշրջիկների համար։ 

«Որոշեցինք մարդկանցով ներկայացնել, որովհետև Կապանը՝ նաև կապանցին է։ Նրանց աչքերի այդ կոլորիտը, որը նաև յուրօրինակ կանչ է, ավելի գրավիչ  է դարձնում Կապանը որպես զբոսաշրջային վայր»,-համոզմունք հայտնեց լուսանկարիչը՝ հավելելով, որ հերոսները հայտնի կապանցիներ են՝ տարբեր մասնագիտություններ ներկայացնող։ 

Ցուցահանդեսի 35 լուսանկարներից յուրաքանչյուրը վերնագրված է, որը հեղինակի պարզաբանմամբ, ներկայացնում է տվյալ հերոսի կոչը՝ Կապան այցելելու գրավչության, դրական զգացողությունների և տեսարժան առանձնահատկությունների մասին։ 

Կազմակերպիչների բնութագրմամբ՝ ցուցահանդեսը «GastroCamp Kapan» նախագծի այցեքարտային միջոցառումն է։ 

«GastroCamp Armenia» նախագծի ղեկավար Աննա Մազմանյանի խոսքով՝  ծրագիրն իրականացվում է սկսած 2019 թվականից, որը մեկնարկել է  Կոտայքի և Տավուշի մարզերից։ 

«2024-2025 թվականներին այն իրականացվում է Սյունիքում և ընտրվել է Կապան մարզկենտրոնը։ Նախագիծը մարզային զարգացման և տուրիստական մեծ կոնտենտի մասին է։ Նախ դա մարդկանց մասին է ու նրանց համար, ովքեր ապրում են այդ մարզում։ Բացի այդ՝ նախագիծը մի գաղափար է, որը միավորում է բազմաթիվ մարդկանց և ծառայելու նրանց։ Բոլորը միավորվում են դրա շուրջ և փորձում են օգտակար լինել»,-ասաց Մազմանյանը։

Անդրադառնալով ցուցահանդեսը օդանավակայանում ներկայացնելու կարևորությանը, նախագծի ղեկավարը պարզաբանեց, որ Երևան-Կապան չվերթի շնորհիվ Կապանը ներկայում շատ ավելի մոտ է դարձել, քան կարելի է պատկերացնել։

Նրա տեղեկատվությամբ՝ նախագծի շրջանակներում ընթացիկ տարվա մարտ ամսին կկազմակերպվի գիտաժողով, որի ընթացքում կուսումնասիրվեն Կապանի  և շրջակա այլ բնակավայրերի գրավչությունները, առանձնահատկությունները, որոնք կքարտեզագրվեն։ Կազմված քարտեզը կծառայի ուղևորությունը դեպի Կապան ավելի հեշտացնելու և հետաքրքիր ճամփորդության վերածելու նպատակին։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում