Գիրք նվիրելու օրը՝ Հայաստանի ազգային գրադարանում
3 րոպեի ընթերցում

Արդեն 17 տարի է՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։
Հայաստանի ազգային գրադարանը Թամանյանական ցուցասրահում տոնի առթիվ կազմակերպել էր միջոցառում ոչ միայն ընթերցողների, այլ նաև հրատարակիչների, հեղինակների և մարզային գրադարանների ներկայացուցիչների համար։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահի խորհրդական, ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը։
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը շնորհավորեց բոլորին տոնի առթիվ՝ կարևորելով բոլոր համագործակցությունները և՛ հասարակական կազմակերպությունների, և՛ պետական մարմինների, ինչպես նաև մարզային գրադարանների հետ։
«Արդեն 3 տարի ավանդույթ է դարձել, որ երկրի նախագահը գրադարանին նվիրատվություն է անում՝ նվիրելով վերջին տարիներին հրատարակված լավագույն գրքերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Աննա Չուլյանը։
Վահրամ Դումանյանը ՀՀ նախագահի, աշխատակազմի և իր անունից շնորհավորեց ներկաներին տոնի առթիվ.
«Գիրքը մարդու լավագույն ընկերն է։ Նախագահի, նրա աշխատակազմի և իմ անունից շնորհավորում եմ այս գեղեցիկ օրվա առիթով։ Հույս ունեմ, որ արդեն երկար տարիներ նշվող այս տոնը իր կարևորությունն ունի ընթերցասերների համար»,- ասաց Վահրամ Դումանյանը։
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան «Մաեստրո» մշակութային կազմակերպության «Բյուր աստղ» ծրագրի սաները. նրանք գրադարանի կողմից նվերներ ստացան։
Ազգային գրադարանի տնօրենը նաև շնորհակալություն հայտնեց հրատարակչությունների ներկայացուցիչներին՝ գրադարանին պարբերաբար նվիրատվություններ անելու համար։ Այս տարի «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ամենաշատ գրքերն է նվիրել գրադարանին։ Գրադարանին այս տարի նաև շատ գրքեր են տրամադրել «ՎՄՎ- Պրինտ» և «Լուսակն» հրատարակչությունները։ Տնօրենը հրատարակչությունների ներկայացուցիչներին նվիրեց առաջին հայատառ կիսագնդերի քարտեզները՝ «Համատարած Աշխարհացույց»-ը։
«Էդիթ Պրինտ» հրատարակչության գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանը շնորհավորեց օրվա առթիվ և հավաստիացրեց, որ քարտեզը փակցված է լինելու հրատարակչությունում և կարևոր տեղ է զբաղեցնելու։
«Շնորհակալ ենք գնահատականի համար, մենք փորձել ենք Ազգային գրադարան-հրատարակիչ-ընթերցող օղակի մեջ անել լավագույնը»,-նշեց Սամվելյանը։
ՀՀ նախագահի կողմից նվերներ ստացան նաև 15 մարզային և համայնքային գրադարաններ։
Օրվա ընթացքում գրադարանի մուտքի մոտ գտնվող գրքանիվից ընթերցասերները ստանում էին նվերներ։
Գոհարիկ Բարսեղյան