Հայաստան

Առաջին անգամ Հայաստանում փաստագրվել է բտիկաթև կիվիվի բնադրումը

2 րոպեի ընթերցում

Առաջին անգամ Հայաստանում փաստագրվել է բտիկաթև կիվիվի բնադրումը

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ԱրԱվես ՀԿ-ն հայտնում են կարևոր և բացառիկ իրադարձության մասին. Արմաշի կարևորագույն թռչնաբանական տարածքում (IBA) առաջին անգամ փաստագրվել է բտիկաթև կիվիվի (Vanellus spinosus) բնադրումը։ Թեև տեսակը տարածքում նկատվել է դեռևս 1995 թվականից, սա առաջին փաստագրված բնադրման դեպքն է Հայաստանում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։ 

Այս թռչնատեսակի գրանցումը եզակի է հատկապես նրանով, որ բտիկաթև կիվիվն աչքի է ընկնում իր դժվար նկատելի վարքագծով։ Տեսակի հայտնաբերումը վկայում է ոչ միայն մասնագիտական բարձր որակավորում ունեցող թիմի աշխատանքի, այլև տարածքում իրականացվող պահպանության ջանքերի արդյունավետության մասին։

2024 թվականին FPWC-ի և ԱրԱվեսի համատեղ հետազոտական աշխատանքների արդյունքում Արմաշում գրանցվել է ավելի քան 100 տեսակի թռչուն։ Հազվագյուտների թվում են նաև՝

Սպիտակապոչ արծիվը՝ Հայաստանի հազվադեպ չվահյուրերից

Ֆլամինգոներ և սուլթանական հավեր

Կարմիր գրքում գրանցված գանգրափետուր և սպիտակ հավալուսներ:

Հատուկ ուշադրություն է դարձվել նաև միջազգային Կարմիր ցուցակում ընդգրկված սպիտակագլուխ բադի պոպուլյացիայի ուսումնասիրությանը, ինչը կարևոր է տեսակի պահպանության արդյունավետ միջոցառումների մշակման համար։

«Բտիկաթև կիվիվի բնադրման փաստագրումը ոչ միայն գիտական նշանակալի ձեռքբերում է, այլև վկայում է Հայաստանի էկոհամակարգերի առողջության և կենսաբազմազանության պահպանման մեր ջանքերի արդյունավետության մասին», - նշում են կազմակերպությունների ներկայացուցիչները։

Հետազոտական աշխատանքները կշարունակվեն նաև 2025 թվականին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում