Եվրոպա

Եվրոպան նախատեսում է Ուկրաինային 700 միլիարդ եվրոյի աննախադեպ ռազմական փաթեթ տրամադրել. Berliner Zeitung

2 րոպեի ընթերցում

Եվրոպան նախատեսում է Ուկրաինային 700 միլիարդ եվրոյի աննախադեպ ռազմական փաթեթ տրամադրել. Berliner Zeitung

Եվրամիությունն աշխատում է մի քանի հարյուր միլիարդ եվրո արժողությամբ պաշտպանական փաթեթի վրա՝ Ռուսաստանի դեմ պայքարում Ուկրաինային աջակցելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է  գերմանական Berliner Zeitung-ը։ 

Ըստ լրատվամիջոցի՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն ակնարկել է, որ առաջիկա փաթեթը կարող է կազմել մոտ 700 միլիարդ եվրո:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ԵՄ առաջնորդները գիտակցում են ծրագրի զգայունությունը, ուստի ծախսերի մասին նախաձեռնությունը կհայտարարվի միայն փետրվարի 23-ին Գերմանիայի տարածաշրջանային ընտրություններից հետո՝ քվեարկությունից առաջ հակասություններից խուսափելու համար:

Բերբոքն ընդգծել է, որ Եվրոպայի միասնությունը նրա ամենամեծ ուժն է։

«Որպես եվրոպացիներ և որպես գերմանացիներ՝ մենք ամուր կանգնած ենք Ուկրաինայի կողքին՝ ռազմական, մարդասիրական և ֆինանսական առումներով։ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո մենք՝ եվրոպացիներս, ավելի քան 140,16 միլիարդ դոլարի (134 միլիարդ եվրոյի) օգնություն ենք տրամադրել Ուկրաինային, ընդ որում միայն Գերմանիան հատկացրել է մոտ 46 միլիարդ դոլար (44 միլիարդ եվրո)», - նշել է նա:

«Մենք կգործարկենք մեծ փաթեթ, որի նմանը նախկինում չենք տեսել», - ասել է Բերբոքը Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ Bloomberg-ին տված հարցազրույցում, սակայն հստակ գումար նա չի նշել:

«Ինչպես մենք ունեինք ֆինանսական փաթեթ եվրոյի ճգնաժամի կամ COVID-19-ի համար, հիմա գոյություն ունի ֆինանսական փաթեթ եվրոպական անվտանգության համար: Սա կլինի մոտ ապագայում», - նշել է նա։ 

Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ փաթեթն առաջնահերթություն կտա զինվորական վերապատրաստմանը, սպառազինության մատակարարումներին և կկենտրոնանա Ուկրաինային եվրոպական գործընկերների կողմից տրամադրվող անվտանգության երաշխիքների վրա։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում